Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ. Փաշինյան
09:16 - 12 դեկտեմբերի, 2024

Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված մեկնաբանություններին։

«Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլևս չի երևում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում:

Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք և տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում: Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել:

Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչու՞, որովհետև մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են և ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը:

Իսկ ինչու՞ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետև տեսնում եմ, որ իմ և իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում: Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է, թե ասելու բան չունեմ, ասել է, թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ու՞մ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել:

Հաջորդը, խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետև մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար:

Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ: Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց և սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:

Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք եւս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ:

Եւ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»,- գրել է նա։

«Գնդակահարության պատ» խորագրով գրառման ներքո վարչապետը նշել է, որ այն հատկացնում է իրեն ուղղված մեղադրանքներին ծանոթանալու համար։
 
«Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում:), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:
 
Բնականաբար՝ հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:
 
Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ և կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը: Սիրում եմ նաև մյուսներին, այսինքն՝ բոլորին»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել