Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կարմիր մաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄԸՄՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունն ու աջակցությունը՝ տարբեր ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործընթացում։ Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և այդ համատեքստում անդրադարձել Միասնական սոցիալական ծառայության ու ԿԽԿՄԸՄՖ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքներին։ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել ոլորտային մի շարք հարցերի։
Ազամատ Բայալինովը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը՝ համատեղ իրականացված աշխատանքները բնորոշելով ոչ միայն համագործակցություն, այլև գործընկերություն, քանի որ նպատակը եղել է նույնը՝ աջակցել քաղաքացիներին։ Ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիտարկել է նաև երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը, ինչը թույլ կտա ճգնաժամային իրավիճակների արձագանքման աշխատանքներում ունենալ պատրաստի սցենարներ։
Հանդիպման ավարտին կողմերը դիտարկել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ներդրման գործընթացում համագործակցության հնարավորությունները․ Նարեկ Մկրտչյանը և Ազամատ Բայալինովը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված թեմաների ուղղությամբ։
comment.count (0)