civilnet.am: Դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արդեն իրականացված ծրագրերը և առաջարկեց նոր նախաձեռնություններ՝ ուղղված օդի որակի բարելավմանը։
Ավինյանը նախ տեղեկացրեց, որ քաղաքում տեղադրվել է 149 օդի որակի չափիչ սարքեր։ Այդ սարքերն առցանց ռեժիմով տրամադրում են տեղեկատվություն օդի որակի մասին։ Քաղաքապետի խոսքով՝ այդ տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։ «Ուրախալի է, որ նոր աղտոտվածություն չի ավելանում, և եղած աղտոտվածությունը ժամանակի ընթացքում ցրվում է»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը նրան առաջարկեց նոր ծրագիր ներկայացնել, որը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։ «Այս ծրագիրը կներկայացնենք երկու ամիս հետո և կանդրադառնանք բոլոր հնարավոր ոլորտներին, որտեղ քաղաքապետարանը լիազորություններ ունի»,- նշեց քաղաքապետը։
Նախորդ շաբաթ քաղաքացիները սոցիալական ցանցերում բարձրաձայնել էին Երևանում օդի աղտոտվածության խնդիրը։ Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։
comment.count (0)