hy.armradio.am: Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
«Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, չվտանգելու համար վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամություը»,- ասվում է հայտարարության մեջ։
Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ևս 16 անձանց նկատմամբ:
Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նոր նախարար Կեստուտիս Բուդրիսը սոցիալական հարթակում գրել է, որ Էստոնիայի հետ համաձայնեցնելով` ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը և ավելացրել ևս 17 անձի, այդ թվում՝ Իրակլի Կոբախիձեին։
«Մենք չենք հանդուրժի բռնությունն ու ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ», — X-ում գրել է նախարար Բուդրիսը։ Նա Եվրամիությանը համատեղ գործողությունների կոչ է արել:
Դրանից ժամեր առաջ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է պատժամիջոցների ցանկն ընդլայնելու որոշման մասին և Իրակլի Կոբախիձեի հետ ընդգրկել է ևս 13 պաշտոնյաների։
«Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ իշխանությունների բռնությունը հանցագործություն է և մարդու իրավունքների ոտնահարում։ Կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել», — գրել է Ցահկնան։
Դեկտեմբերի 2-ին Լիտվան, Էստոնիան և Լատվիան վիզային պատժամիջոցներ են կիրառել 11 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
comment.count (0)