Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը
10:21 - 20 դեկտեմբերի, 2024

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024-ին կատարված աշխատանքները և 2025-ի անելիքները։

«Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել