Հայաստանը և Բրազիլիան կխորացնեն համագործակցությունը սպորտի ոլորտում |armenpress.am|
11:58 - 09 հունվարի, 2025

Հայաստանը և Բրազիլիան կխորացնեն համագործակցությունը սպորտի ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Հուշագրի նպատակն է նպաստել երկու երկրների միջև սպորտի ոլորտում արդյունավետ համագործակցությանը՝ միտված ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Այն հնարավորություն կընձեռի փոխանակել զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման փորձը, գիտական ուսումնասիրությունների արդյունքները և սպորտային ախտորոշման, բժշկական ու կենսաբանական աջակցության ոլորտում նորագույն մեթոդներն ու սարքավորումները, զարգացնել համագործակցությունը բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկների մարզման, պարասպորտի և սպորտի նորարարությունների ոլորտում, նպաստել երկու երկրների մարզական ֆեդերացիաների միջև կապերի խորացմանը, կազմակերպել համատեղ մարզական միջոցառումներ, հանդիպումներ և խորհրդակցություններ։ 

Փաստաթուղթը համահունչ է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, որը ներառում է ամերիկյան մայրցամաքի պետությունների հետ համագործակցության ընդլայնումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել