Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ
18:31 - 13 հունվարի, 2025

Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։ 

«Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։

343 մլն դրամից շուրջ 326 միլիոնը պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 17 միլիոնը՝  բնամթերային ձևով։

Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։ 

Շուրջ 143 միլիոն դրամի նվիրատվություններ կատարած անձանց չենք կարողացել նույնականացնել։

 

Հայտարարագրերը նվիրատվությունների ծագման աղբյուրը չեն բացահայտում

2023 թվականին 105 նվիրատուներից միայն 9-ն են եղել հայտարարատու։ Մյուս 96 նվիրատուների դեպքում նվիրատվության գումարի ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար նաև հետագծելի չէ։

Նվիրատվությունների գումարների ծագման աղբյուրները հաճախ չեն ուսումնասիրվում անգամ այն դեպքում, երբ նվիրատուներից որոշները հայտարարատու են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերն է ուսումնասիրում։ 

Պաշտոնատար անձանց և նրանց հայտարարատու նվիրատուների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում որոշ հետաքրքիր դրվագներ ենք նկատել։ 

Երևան քաղաքի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանը (պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են 2024թ․-ին) 53 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել կնոջից՝ Նաիրա Ղազարյանից։

Հետաքրքիր է, որ Կարեն Զոհրաբյանի՝ 2023 թվականի եկամուտը կազմել է մոտ 54 մլն դրամ, որից ընդամենը 12.6 մլն դրամն է աշխատավարձ, մնացած 41 մլն դրամից շուրջ 20 մլն դրամը կնոջ նվիրատվությունն է, ևս 21 մլն դրամ էլ արդեն նախկին դատախազը ստացել է վարկերից։ 

Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Նաիրա Ղազարյանի հայտարարագիրը։ Վերջինիս այդ տարվա եկամուտը կազմել է 43 մլն դրամ, որից ընդամենը շուրջ 2 մլն դրամն է աշխատավարձից, իսկ մյուս մասը՝ կրկին ստացած վարկերից։ 

Շիրակի մարզի դատախազության դատախազ Արման Նիկողոսյանը 12 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Գագիկ Նիկողոսյանից, և 5 մլն դրամ՝ մորից՝ Կարինե Նիկողոսյանից։ 2023 թվականին Արման Նիկողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 47 մլն դրամ, որից միայն 9 մլն դրամն է աշխատավարձից: Դատախազը աշխատավարձից և նվիրատվություններից բացի ևս 21 մլն դրամի փոխառություններ և վարկեր է ստացել։

 

Որո՞նք են ամենամեծ նվիրատվություններ ստացած պաշտոնյաները, ի՞նչ աղբյուրներից են պաշտոնյաները նվիրատվություններ հայտարարագրել

Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունը ստացել է Ոստիկանության տնտեսական վարչության պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ավագյանը՝ 16 մլն դրամ՝ Կարինե Սարգսյանից, 10 մլն դրամ և 2 մլն ռուսական ռուբլի՝ Կարեն Ավագյանից։ Միևնույն ժամանակ, այդ տարի նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 4.7 մլն դրամ։ Վարդան Ավագյանը նույն մարդկանցից նվիրատվություններ է ստացել նաև նախորդ տարիներին. 2021թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 10 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1 մլն ռուսական ռուբլի, իսկ 2022թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 12 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1.2 մլն ռուսական ռուբլի:

2023թ․-ին 22 մլն դրամ նվիրատվություն է ստացել Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանը Հասմիկ Սիմոնյանից։ Գնել Սիմոնյանի 2023 թվականի եկամուտը կազմել է 27 մլն դրամ, որից 22 մլն դրամը նվիրատվություն է, իսկ միայն 5 մլն դրամը՝ վարձատրություն աշխատանքի դիմաց։

Գնել Սիմոնյանին հարցրել էինք՝ ինչ առիթով է ստացել այդքան մեծ նվիրատվություն։ Ի պատասխան վերջինս նշել է. «Օրենսդիրը (հանրությունը) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների հաշվետվողականության և նրանց եկամուտների առաջացման նկատմամբ հսկողության, այդ թվում՝ հանրային վստահության ապահովման նպատակով սահմանել է բավարար օրենսդրական մեխանիզմներ, ուստի ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ իմ կողմից օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնին ներկայացված հայտարարագիրը բովանդակում է բավականաչափ տեղեկատվություն և բավարարում է հանրության կողմից սահմանված չափորոշիչներին ու բխում է դրանից»։

Այսպիսով, ըստ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի՝ սեփական աշխատավարձից 5 անգամ մեծ նվիրատվություն ստացող պաշտոնյայի եկամուտների նկատմամբ հսկողության, ինչպես նաև այդ պաշտոնյայի հանդեպ հանրային վստահության ապահովման համար բավարար է միայն այն, որ այդ նվիրատվությունը հայտարարագրված լինի։ Սա այն դեպքում, որ նվիրատվություն կատարողի՝ հայտարարատու չլինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրությունը հնարավորություն չունի տեսնել նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը։ Ավելին՝ 6000-ից ավելի պաշտոնյաների հայտարարագրերից 100-200-ն է պարտադիր ուսումնասիրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը 20 մլն դրամ է ստացել հորից՝ Լևոն Նազարյանից։ Ստեփան Նազարյանը 2023 թվականին 29 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 11 մլն դրամ) արժողությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, 20 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ֆիլիշին» ՍՊԸ-ին։ Մեր զրույցում Ստեփան Նազարյանը նշեց, որ հայրը վաճառել է իր բնակարանը, և որդու անունով «Ֆիլիշին» ՍՊԸ կառուցապատողից ձեռք են բերել բնակարան, այդ պատճառով էլ հայրը թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին այդ վաճառված բնակարանի գումարը մաս-մաս նվիրատվություն է արել որդուն՝ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը անհայտ աղբյուրից ստացել է 18 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրի համապատասխան բաժնում վերջինս չի լրացրել, թե ումից է ստացել այդ գումարը։ Մեր զրույցում նա նշեց, որ նվիրատվությունը ստացել է կնոջ հորից և եղբորից, որոնք բնակվում և բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում։ «Ես ունեցել եմ հիպոթեքով տուն և նոր տուն եմ վերցրել եկամտահարկով։ Քանի որ նախկինում վերցրած հիպոթեքով տանը մնացորդ կար մուծելու, և նաև կանխավճարներ կար մուծելու, կնոջս հայրը և եղբայրը ինձ նվիրատվություն են արել։ Իրենք Ուկրաինայում, եթե չեմ սխալվում, խմորեղենի մեծ բիզնեսներ ունեն, իմացան, որ ես ուզում եմ եկամտահարկով տուն վերցնել, տեղյակ էին, որ ես գումար չունեմ, իրենց կողմից նվիրատվություն կատարեցին, որ այդ վարկը մուծենք ու կանխավճարները տանք»,- նշեց Խորեն Բարխոյանը։ Նա նաև հավելեց, որ այս նվիրատվությունն իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ նվիրատուները կնոջ հարազատներն են, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում։

Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե ինչ աղբյուրից։ 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը 2023 թվականին հայտարարագրել է 4 200 ԱՄՆ դոլար և 1.5 մլն դրամ ստացած նվիրատվություններ։ Երկու դեպքում էլ նվիրատուների հատվածում լրացրել է «փոխանցում ԱՄՆ»-ից։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանը նշեց, որ այս գումարները հայրն է փոխանցել ԱՄՆ-ից։ Գումարային նվիրատվություններից բացի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը Արմեն Գասպարյանից որպես նվիրատվություն ստացել է HONDA մակնիշի ավտոմեքենա։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանն ասաց, որ Արմեն Գասպարյանն իր ընկերն է։

 

Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ուժային կառույցների աշխատակիցների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։

Ուժային կառույցների 28 աշխատակիցներ նվիրատվություններ են ստացել առնվազն երկու տարի անընդմեջ։ Նրանցից 3-ը նվիրատվություններ են ստացել երեք տարի անընդմեջ։ Բոլոր երեք պաշտոնյաներն էլ աշխատում են Գլխավոր դատախազությունում։

 

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ.

«Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։ 

Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։ 

«Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։

 

Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ

Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։ 

Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին։ Վերջին երկու խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։

Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն։ 

Այսպիսով, 2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։

 

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել