2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն ենք տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 3 ծրագրերի մասով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ:
«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին ակտիվություն սկսվեց բնակապահովության ծրագրի շուրջ, և 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցները կարող են սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը»,- ասաց նախարարը:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ին կարևոր ևս մեկ ծրագրի անխափան ընթացք ապահովվեց, այն է՝ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագիրը:
«Երբ ծրագիրը մեկնարկել էր, առաջ չէր գնում, լավարկումների լուսաբանումների արդյունքում շատ մեծ թափ ստացավ, և այս պահի դրությամբ մենք ունենք, ըստ էության, 2000 բնակարաններ, որոնք կառուցապատման տարբեր փուլերում են: Կան արդեն իսկ ավարտական ակտեր, և սա շարունակում է մնալ բավականին պահանջված:
Մենք որոշակի դադար վերցրինք, որպեսզի ուսումնասիրենք, բայց այս տարի՝ տարեվերջին, կրկին շահառուների որոշ խմբի համար ծրագիրը վերաբացեցինք: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար համայնքների մասին է, որտեղ նաև աջակցության ծրագիրը՝ 16 միլիոնը, դարձրինք 21 մլն, և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար առանձին քվոտա սահմանեցինք»,- ասաց նա և հավելեց՝ առաջիկայում ավելի թիրախային է դառնալու ծրագիրը, այսինքն՝ պարտադիր չէ, որ Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ գյուղերի տրամաբանություն լինի, այլ պետք է գնահատել կարիքները՝ ժողովրդագրական իրավիճակից ելնելով:
comment.count (0)