Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
 |1lurer.am|
12:45 - 16 հունվարի, 2025

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի |1lurer.am|

1lurer.am: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Արմավիի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը:

«Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,- ասաց նա:

Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական:

«Այս համատեքստում ժողովրդավարական ևս մեկ, շատ կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել