Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքելու է Սպիտակ տունը՝ ավարտելով իր պաշտոնավարումը։ Չորեքշաբթի երեկոյան հրաժեշտի ուղերձում, սակայն, նա նախազգուշացրել է Միացյալ Նահանգների առջև կանգնած վտանգների մասին։
«Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը»,- ասել է Բայդենը:
Նախագահը չասաց, թե ում նկատի ունի՝ օլիգարխիա ասելով։ Սակայն գաղտնիք չէ, որ երկրի խոշորագույն միլիարդատերերից մի քանիսը, ներառյալ՝ Իլոն Մասկը, սերտ կապեր են հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Կրկին՝ առանց որևէ մեկի անունը տալու՝ Բայդենը քննադատել է Meta-ում կայացրած որոշումը՝ դադարեցնել փաստերի ստուգման գծով աշխատանքը, որին մասին, ինչպես հայտնի է, օրերս հայտարարեց Facebook-ի ու Instagram-ի սեփականատեր, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը:
«Ազատ մամուլը քայքայվում է։ Խմբագիրներն անհետանում են։ Սոցմեդիան հրաժարվում է փաստերի ստուգումից: Ճշմարտությունը զոհ է գնում իշխանության և շահի համար հրապարակ նետված ստերին»,- հայտարարել է Բայդենը:
Բայդենն ավարտում է իր պաշտոնավարումը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ գրանցված հաջողությամբ․ բառացիորեն ժամերի տարբերությամբ հայտարարվեց, որ Իսրայելը և «Համասը» համաձայնության են եկել Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ:
Հրադադարի կյանքի կոչումը, փաստորեն, տեղի է ունենալու ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք։
«Այդ իսկ պատճառով ես իմ թիմին ասացի, որ եկող վարչակազմը պետք է լիովին տեղեկացված լինի, քանի որ այդպես պետք է լինի՝ աշխատելով միասին որպես ամերիկացիներ»,- ընդգծել է Բայդենը:
Չորեքշաբթի հրապարակված նամակում Բայդենն նաև հիշեցրել է, թե իր գլխավորած վարչակազմը ինչպես է սկսել աշխատանքը՝ COVID 19-ի պայմաններում և 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ Թրամփի կողմնակիցների հարձակումից օրեր անց, որնց նպատակն էր չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթանակը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենինն էր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)