factor.am: Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում և այդ հաջողությունը ուրախացնում է է մեզ՝ որպես ձեր եղբայրներին ու ընկերներին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ մամուլի համար հայտարարությունների ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից մեկը եղել է կապի և Միջին միջանցքի նախագիծը։
«Մենք քննարկեցինք կապի և Միջին միջանցքի նախագիծը: Վստահ եմ, որ այս նախագիծը հաջողություն կունենա։ Դրա շրջանակում մենք պետք է սերտ կապեր պահպանենք հարևան այլ երկրների հետ, որն ընդգրկում է հսկայական աշխարհագրություն։ Ադրբեջանն ու Վրաստանը կլինեն այն օղակն ու կամուրջը, որը կմիացնի Եվրոպան և Ասիան։ Մենք դա հաջողությամբ իրականացնում ենք, և ես գիտեմ, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ընդլայնվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացմանը»,- ասել է Ալիևը։
Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Ադրբեջանի նախագահը նշել է․ «Ցանկանում եմ հավելել, որ ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում։ Մենք՝ որպես ձեր եղբայրներ և ընկերներ, ուրախ ենք ձեր հաջողությունների համար և մաղթում ենք հետագա ձեռքբերումներ»։
comment.count (0)