armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:
«Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ քննարկում են Երևանում տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու հարց: Վարչապետը հարցրեց՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի եղե՞լ: Նա հիշեցրեց՝ Երևանում եղել է Իկարուս, տրոլեյբուսներ, տրամվայներ, եղել է ինչ-որ մի տրանսպորտային համակարգ:
«Այդ տրանսպորտային համակարգն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ է վերացել, որովհետև ամեն ինչ արվել է, որ այդ տրանսպորտային համակարգը լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, հետո գնացել, կորել է: Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ոչ մի բան չփոխել. այն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, շարունակենք օգտվել նաև նոր ավտոբուսներից: Կարող է: Սակայն դրա արդյունքում մի որոշ ժամանակ հետո կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը «սկոտչով ցելոֆան» է կպցրած, օդորակիչը չի աշխատում, նստարանը կոտրված է, դուռը չի բացվում: Ուզում եմ նաև արձանագրել՝ երբ մենք այսօր տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալո՞ւ համար, թե՞ ուզում ենք այնպես անել, որ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ: Երբ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը չպետք է լինի այն, որ օգտվում ենք Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ բոլորով հանրային տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա: Եթե մենք այդպես չանենք, Իկարուսի նման MAN ավտոբուսները դառնալու են գազելներ, դրանք նորից զրոյանալու են, և ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ պատրաստվում են մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել:
«Իմիջիայլոց, մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որ կարող ենք կորցնել: Զոռով, մի կերպ պահում ենք»,–ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև համակարգում առկա տեխնիկական խնդիրներին:
«Հարցը հայեցակարգային մակարդակում հետևյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե՞ չենք ուզում, թե՞ ուզում ենք, որ էլի գա Իկարուս, Երազ, իշաոտնուկներով Երազներ, գազելներ, հետո հուսահատության գազելներ»,–ասաց վարչապետը:
comment.count (0)