azatutyun.am: Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության սառեցման թեման, լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Վերջինս մեկնաբանել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշվում է. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ՝ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել Է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը մինչ օրս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու ցանկության մասին:
«ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ապացուցած կազմակերպություն է»,- հակադարձել է Պեսկովը:
Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Ըստ հայկական կողմի՝զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Ռուսական կողմն, իր հերթին, նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։
Կրեմլը նաև տեղեկացրել էր, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնել։
comment.count (0)