Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները․ Մայր Աթոռ
21:08 - 27 հունվարի, 2025

Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները․ Մայր Աթոռ

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ անդրադառնալով հունվարի 24-ին Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, և ինչպես է 1950 թվականից այն հայտնվել մեր օրակարգում։

«Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։ Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։

Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է Հայոց Եկեղեցու դիրքորոշման։ Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։ Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները»,-ասվում է հրապարակման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել