Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար։ Այս մասին, տարեսկզբյան ասուլիսի մեկնարկին ելույթ ունենալով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ գաղափարախոսության համաձայն, բարեկեցությունը կարող է կառուցվել միայն աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, ինչպես նաև անհատական ջանքի միջոցով. «Եվ մեր քաղաքականությունները ուղղված են գաղափարական այս թեզի իրագործմանը»:
«Այս թեզը լրացուցիչ պարզաբանելով՝ ուզում եմ ընդգծել հետևյալը, որ բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են: Դրանցից 1-ը աշխատանքն է, մյուսը կրթությունն է, հաջորդը անհատական ջանքն է և մյուսը պետական քաղաքականություններն են։ Այսինքն՝ մեր տեսությունն այն է, որ երբ-որ այս 4 գործոնները կհամընկնեն և կփոխգործակցեն, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն։ Սա տեսությունն է»,- ասաց Փաշինյանը:
Ապա նա ներկայացրեց, ինչ է իրականացվում գործնականում՝ ներկայացնելով մի շարք թվային ցուցանիշներ. «2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778 094 աշխատատեղ. այս ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավել է 189 000-ով կամ 34.4 %-ով, իսկ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ 36 368-ով կամ 4.9 %–ով։ Խոսքը այն աշխատատեղերի մասին է, որոնցում մարդ կա աշխատող, և որը ապահովված է աշխատավարձով:
2024 թվականի միջին աշխատավարձը եղել է 306 754 ՀՀ դրամ։ 2018 թվականի դեկտեմբերի համեմատ միջին աշխատավարձը աճել է 127 000 դրամով կամ 71 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ 18 699 դրամով կամ 6.5 %-ով։ Սրանք տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշներն են։
Աշխատավարձերը աճում են ինչպես կայուն տնտեսական աճի, այնպես էլ կառավարության կայացրած որոշումների արդյունքում։ Հայաստանում ներդրված է ուսուցիչների և զինվորականների կամավոր ատեստավորման համակարգ, որը, ատեստավորման արդյունքներից կախված, աշխատավարձերը ընդհուպ կրկնապատկելու հնարավորություն է տալիս։
Ուսուցիչների պարագայում գործում է նաև տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև գյուղական վայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար նախատեսված հավելավճարների համակարգը, որը աշխատավարձերի ևս մինչև 50 % հավելման հնարավորություն է տալիս՝ բացի կամավոր ատեստավորումից: Այսինքն՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կարող են նաև այս գործոններով պայմանավորված բարձրացնել իրենց աշխատավարձը: Կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձներն ավելացնելու հնարավորություն են ստացել նաև արտադպրոցական կրթության մանկավարժները՝ 12 մարզաձևերի մարզիչներ և մշակույթի ոլորտի 8 ուղղությունների դասատուներ։ Իհարկե, մենք սա սկսել ենք նվազագույնից և ժամանակի ընթացքում մարզաձևերը և ոլորտները մշակութային կրթության ավելացնում ենք:
Տարակարգի միջոցով աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն են ստացել նաև մանկապարտեզի դաստիարակները։
Ատեստավորման համակարգով Հայաստանի գիտաշխատողների աշխատավարձերը 2025 թվի հունվարի դրությամբ 2021 թվականի համեմատությամբ ավելացել են 100-ից 300 %–ով, ինչի մանրամասները կառավարության վերջին նիստում ներկայացրել եմ:
Կամավոր ատեստավորման ծրագիր է մեկնարկել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի դասախոս-վարպետների համար, խոսքը քոլեջների մասին է։
Մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական մի շարք գերակա ուղղություններով ուսանողների համար սահմանվել է 50 և 70000 դրամ ամսական կրթաթոշակ։ Սա էլի, որպեսզի թյուրըմբռնում չլինի որոշակի ուղղություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների համար այս թոշակները, կրթաթոշակները գործում են, 2-րդ տարվանից արդեն թոշակների համակարգը վերափոխվում է կախված առաջադիմությունից: Գերազանցության պարագայում այս թոշակների վրա 10 % լրացուցիչ ավելանում է:
300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին զուգընթաց՝ ավելի քան 800 000 վարձու և պայմանագրային աշխատող հանդիսացող քաղաքացիների համար մեկնարկում է համընդհանուր հայտարարագրումը, որը հայտարարագրվող քաղաքացիների եկամուտների ավելացման անուղղակի համակարգ է նաև։
Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիները իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 000 դրամ կարող են ետ ստանալ՝ առողջապահության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում և վճարովի, մասնավոր դպրոցներում՝ ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական և արվեստի խմբակների և դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման, կրթական ծառայությունների, այսինքն՝ իրենց և իրենց երեխաների առողջապահության և կրթության համար կատարված վճարների դիմաց: Սա համընդհանուր հայտարարագրման մասին է, և էստեղ էլ ես արձանագրում եմ, որ մենք որոշակի դժվարություններ ունենք այս ուղերձը հանրությանը հասկանալի բացատրելու հարցում, և հույս ունեմ՝ այսօր մենք առիթը կօգտագործենք։
2024 և 2025 թվականների հայտարարագրերի լրացման արդյունքում վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 միլիարդ դրամի ծախսեր կվերադարձվեն քաղաքացիներին, կամ նաև զուգահեռ նշված ուղղություններ կուղղորդվի լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Այսինքն՝ այդ ոլորտների քաղաքացիներին վերադարձնում ենք, բայց դրա հարակից էֆեկտը կլինի նաև այն, որ այդ ոլորտներըլրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով։
2025 թվականի փետրվարի 1-ից մեկնարկում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվացման միջոցառումը։ Ըստ այդմ, մինչև 1 միլիոն դրամ մայր գումարով առնվազն 3 տարվա անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին առաջարկվում է անցնել վարձու կամ պայմանագրային աշխատանքի։ Ինչու՞ է առաջարկվում, որովհետև նման վիճակում գտնվող քաղաքացիները սովորաբար առնվազն թափանցիկ դաշտում չեն աշխատում այն մտավախությամբ, որ իրենց ստացած ամբողջ կամ իրենց համար անընդունելի չափով եկամուտները կբռնագանձվեն։ Ահա մենք այս մարդկանց առաջարկում ենք անցնել թափանցիկ դաշտում աշխատանքի, և այս պարագայում նրանց աշխատավարձի համար հաշվարկված եկամտային հարկը ամբողջությամբ կուղղվի անհուսալի վարկի մարմանը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով «նշված բարեփոխումները հնարավորություն կտան ոչ միայն երկարաժամկետում և միջնաժամկետում, այլև կարճաժամկետում՝ աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի միջոցով քաղաքացիների բարեկեցության կառուցման ռազմավարության արդյունավետ իրագործման համար»:
comment.count (0)