Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել, որ Իսրայելում որևէ պաշտոնյա հարց բարձրացնի Հոլոքոստի եղելության վերաբերյալ:
«Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։ Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որեւէ մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ որ նա երեւույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար, ասում է ցեղասպանություն»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է։
«Խոսքը հետեւյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Եթե մենք այսօր չլուծենք այդ հարցը, չանդրադառնանք»,- մանրամասնեց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ ինքն էլ պատասխան չունի։
«Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ բան է, ռեֆլեքսիան շատ կարեւոր բան է, որ մենք վերադառնանք եւ մեր բանաձեւերին նորից անդրադառնանք։ Ինչի՞ մեր իրականության մեջ ի վերջո այդպես էլ ընկալվել է, մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պարզ է պիտի խոսենք Մեծ Եղեռնի մասին»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ երբ հարց է բարձրացվում, թե ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը, ամբողջ թեման փոխվում է, դառնում նախկին ներկա խոսակցություն, իսկ ինքը ուրիշ բան է ասում:
«Պետք է հասկանանք՝ արդյո՞ք մենք Ցեղասպանությունից առաջ, դեռ ուրիշ կոտորածների ժամանակ՝ սկսած Խրիմյան հայրիկի ժամանակներից, երբ մենք աշխարհը եւ միջազգային կոնֆերանսները ընկալելու բանաձեւեր ունենք, կարո՞ղ է այդ բանաձեւերը սխալ են, կարո՞ղ է այդ բանաձեւերը մինչեւ հիմա սխալ են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկոլիպտիկ, երբեմն փրկչագործական մեկնաբանություններ է տեսնում ու հասկանում, որ կարող է պարզվի Խրիմյան հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունները եւ աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։
Ըստ ՀՀ վարչապետի՝ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է. «Իմ մեջ էլ է, ժողովուրդ ջան, իմ մեջ էլ է, որովհետեւ ես ձեզնից մեկն եմ»:
«Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ թեմաներ, ինչ-որ շրջանակներ, մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, մեր անկախ, ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելուհամար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի ու այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում՝ ես պատասխանի իմ տարբերակը ունեմ եւ դրա մասին ոչ այս վերնագրի ներքո ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որեւէ ձեւով մեր որեւէ քաղաքացու, կներեք արտահայտությանս, վզին չեմ ուզում փաթաթել։ Ես ասում եմ՝ ժողովուրդ, եկեք մտածենք սրա մասին»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։
Փաշինյանի հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մի շարք կառույցների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից, որը շեշտել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։
comment.count (0)