ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան
18:12 - 31 հունվարի, 2025

ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։

Ինֆոքոմի լրագրողը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ հայտարարագրման համակարգի ներդրման մասին խոսելիս վերջինս ասել է, որ դրա առաջնային պատճառներից մեկն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ներդրված բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրման համակարգերը բավարար չեն․ «Ասում էիք, որ պաշտոնյաների բաջանաղների, զոքանչների, քենիների միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ և համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծվում է հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջակյանացման հարցը։ 

Ձեր նշած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներից մեկն են ստացվող նվիրատվությունները, որոնք հաճախ հետագծելի չեն։ Օրինակ՝ 2023 թվականին մոտ 300 պաշտոնյա ստացել է ավելի քան 2 մլրդ դրամի նվիրատվություն հայրիկներից և մայրիկներից, կանանցից և ամուսիններից, նաև ձեր նշած այլ բարեկամ-հարազատներից (հրապարակումները՝ 1, 2, 3, 4)։ Ավելին՝ նվիրատվությունների ⅓-ն էլ ստացվել են բարեկամ չհանդիսացող անհայտ բարերարներից։ Այս ցանկից դուրս չեն մնացել նաև ձեր թիմակիցները։ Օրինակ՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հորաքրոջ տղայից ստացել է 43 միլիոն դրամի նվիրատվություն։

Պետությունը, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ունի բավականին լայն գործիքակազմ՝ ստուգելու, թե որտեղից է գոյացել նվիրաբերված գումարը և արդյոք այդտեղ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ։ Ավելին, պաշտոնյաների հետ ցանկացած գործարք կատարած քաղաքացուց հանձնաժողովը կարող է պահանջել իրավիճակային հայտարարագիր՝ դրանով արդյունավետորեն իրականացնելով ձեր նշած հակակոռուպցիոն գործունեությունը։ Ավելի լայն, այդ թվում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորություններով է օժտված մեկ այլ հակակոռուպցիոն մարմին՝  հակակոռուպցիոն կոմիտեն։

Այս պայմաններում կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրություններ գրեթե չկան, արդեն իսկ առկա գործիքակազմն էլ գրեթե չի օգտագործվում։ Ավելին, պետությունը այժմ պարտադիր ստուգման ցանկում է ներառում պաշտոնյաների և նրանց հարազատների հայտարարագրերի ընդամենը 1 տոկոսը, ուսումնասիրվում է հայտարարագրերի, լավագույն դեպքում, 10 տոկոսը»,- ասաց լրագրողը։ 

Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն, որում մեծամասնություն է իշխող ուժը, ավելի քան 1 տարի շարունակ չի կարողանում ապահովել ԿԿՀ-ի կազմի ամբողջական համալրումը․ «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»,- հարց հնչեցրեց լրագրողը։ 

«Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին, բոլորին տենց ակնհայտ նեգատիվ համատեքստում հիշատակեցիք, որը ձեր իրավունքն ա, բայց բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրանք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, որոնք նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի, բայց էլի եմ ասում՝ ամենեւին փաստ չի, որ դուք սպառեցիք ցանկը։ Մենք, ընդհանուր առմամբ, ասում ենք, որ այն մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ ներգրավված են, այո, դա կարող է նպաստել կոռուպցիայի բացահայտմանը, որոնք ներգրավված չեն իրանց համար սոցիալական կրեդիտներ ձեւավորելու համար են, այսինքն՝ նպատակները տարբեր են»։ 

Անդրադառնալով նվիրատվությունների թեմային՝ Փաշինյանն ասաց․ «Մի բան ասեմ՝ էդ նվիրատվություններին պետք չի էդքան․․․ Ես մի բան ասեմ՝ ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում բավականին մեծ նվիրատվություն եմ ստացել։ Եվ հայատարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը, և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի։ Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք ձեռք բերել և այդ բնակարանը հիմա վաճառվել ա, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետեւ էդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Նկատի ունեմ՝ վայ պաշտոնյան նվիրատվություն է ստացել, հա, ստացել եմ, ստացել և հայտարարագրել եմ, պաշտոնյաների հայտարարագրերի մեջ էլ ենթադրում եմ, դա պետք ա արտահայտվի»։

Լրագրողի դիտարկմանը, որ ԿԿՀ-ն իրավասու է պարզել նվիրատվության աղբյուրը և դրա համար ունի գործիքակազմ, բայց չի կիրառում, Փաշինյանը պաստախանեց․ 

«ԿԿՀ-ն, ես պատասխանատու եմ, անկախ մարմին է, բոլոր հարցերը ուղղեք ԿԿՀ-ին։ Եթե ԿԿՀ-ն կասի՝ ես չեմ թողնում, որ ես չեմ թողնում, որ ինքն այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ, հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ, բայց ես երաշխավորում եմ, որ ԿԿՀ-ն նման բան ասելու որեւէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել