1lurer.am: Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի, բայց էլի եմ ուզում ասել՝ մեր խոսակցությունները, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք:
«Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, կարծում եմ՝ նաև պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չարվեն քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնեն ԵԱՏՄ-ի բովանդակությունը:
Արդեն եղել են, ցավոք սրտի, քայլեր, որոնք, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, որն ավելի քան 50 հազար քաղաքացիների ստորագրություն է ստացել, Փաշինյանը հիշեցրեց՝ հարցը մտնելու է ԱԺ քննարկման, բայց եթե մերժվի, ապա, կարգի համաձայն, որոշ ժամանակ անց պետք է արվի հանրաքվե:
«Ինչո՞ւ են ՀՀ-ում՝ քաղաքացիների շրջանում, այսպիսի ընկալումներ ձևավորվել, դա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է, և մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին»,- ասաց նա՝ հավելեց, որ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:
comment.count (0)