Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անդրադարձավ այն հրապարակումներին, որ քաղաքացիների բանկային քարտերից հավելյալ գումարներ են գանձվում չգնված ուղետոմսերի համար:
Նա նշեց, որ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու պատճառով պարտք է ձևավորվում, և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց:
«Տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում: Համակարգը դեռ ներդրման փուլում է..., եթե իսկապես արձանագրվի, որ տեխնիկական խնդրի պատճառով, օրինակ, ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք, և բոլոր վնասները կփոխհատուցենք, եթե այդպիսիք լինեն»,- ասաց նա՝ հորդորելով քաղաքացիներին առաջացած խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին:
Նա նշեց, որ առնվազն այս պահին այդ հայտարարությունները հաստատող դեպք իրենք չեն արձանագրել:
«Խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է իրականացրել հանրային տրանսպորտում: Ամենայն հավանականությամբ իր հաշվի վրա գումար չի եղել, և մի քանի օր հետո համակարգը փորձում է այդ գումարը քաշել բանկային քարտից, ուղղակի օրերի տարբերությունն է, մարդն ասում է՝ էսօր չեմ օգտվել... Կարող է՝ երեք օր առաջ եք օգտվել, հաշվին գումար չի եղել, և երեք օր հետո է փորձում քաշել»,- հավելյալ պարզաբանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
comment.count (0)