Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|
10:32 - 04 փետրվարի, 2025

Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 4-ին կայացած հանդիպմանը։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. «Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ինքը միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ինքը նպատակն է։ Ինքը ամենաբարձր նպատակն է, և հետևաբար շատ կարևոր է կենտրոնանալ նաև Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակության խնդրի վրա»։

Նա իր ներկայացրածը համեմատելով ամերիկյան իզոլյացիոնիզմի քաղաքականության հետ՝ ասել է, որ Հայաստանի Հանրապետության գործառութային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը։

«Այս գաղափարախոսությունը միակ տարբերակն է, որը Հայաստանի Հանրապետության լինելիության շանս է տալիս»- ասել է նա և հարցադրում արել, թե ինչու մենք այդ գաղափարախոսությունը չորդեգրեցինք 2018-ին կամ ավելի վաղ՝ նշելով, թե դա կարևոր հանգամանք է։

«80-ականների վերջին Խորհրդային Միությունում կային երկրներ և ռեգիոններ, որոնք իրար հետ կարողացան պայմանավորվել։ Ասացին՝ եկեք կենտրոնանանք մեր անկախության և պետականության վրա, և այն բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարող են մեր միջև կոնֆլիկտի բերել, եկեք ուղղակի մենք դրանց վրա շեշտ չդնենք։ Դա տեղի ունեցավ օրինակ մերձբալթյան երկրներում»,- ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ այդտեղ «թաքցնելու բան չկա, մենք եկել ենք այս ամեն ինչին 44 օրյա պատերազմում պարտության բերումով»։ «Հիմա ես այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ մենք, իմ գնահատմամբ այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ և այս թեմայի մասին էլ եմ շատ երկար մտածել։ Եվ ձևավորվել է ինձ մոտ համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել: Եվ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհության հնարավորությունը օգտագործելու վրա։ Ընդ որում հեշտ չի լինելու»,- ասել է Փաշինյանը։

«Ինչը և ինչպես մեզ հնարավորություն կտա, որ մենք մեր ստացած հնարավորությունը, տառապանքի կորուստների գնով ստացած հնարավորությունը օգտագործենք և լուծենք այն խնդիրը, որը իմիջիայլոց բավականին երկար ժամանակ մենք ինքներս մեր առջև դնում ենք՝ դա ՀայաստանիՀանրապետության հարատևության ապահովումն է։ Իմ գնահատմամբ մենք դա կանենք, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանում, մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության»,- ասել է նա՝ նշելով, որ դա չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ չի լինելու համագործակցություն։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 14-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ցեղասպանության մասին իր հայտարարությանը, թե «պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»։ Նա նշել է. «Աղմուկ հանած իմ հայտարարությունը հայոց ցեղասպանության մասին հենց դրա մասին է, որ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք՝ ի վերջո կային ուժեր, որոնց՝ մեզ կառավարելու առանցքային գործիքը հետևյալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի»։ Փաշինյանը նշել է, որ այդ հետևությունը կուզեր ավելի շուտ անել. «Ուզում եմ անկեղծ ասել ձեզ, որ մենք, ես ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևությունը արած լինեի տարբեր գրքերից, դասգրքերից և այլնից, իմ կարդացածից և սովորածից։ Բայց ցավոք սրտի ես այդքան խելոք չեմ, որպեսզի այդ ինֆորմացիան գլխի ընկնեի, ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր գործնական իրավիճակներ և խոսակցություններ, նախադասություններ, որոնք արտահայտում են մտածողության ձևեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել