Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Այս գործով դատախազը փոխվել է, այժմ դատաքննությանը մասնակցում են հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները սկսեցին տուժողների հարցաքննությունը՝ նրանց խնդրելով հանգամանորեն ներկայացնել դեպքին առնչվող իրենց հայտնի մանրամասները։
Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից
Ըստ զոհվածի հոր՝ Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել զորքի շարժի մասին
Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին։ Արթուրը հորն ասել է՝ մեզ տանում են «աջ»՝ նկատի ունենալով իր տեղակայման վայրից աջ գտնվող տարածքը, որը, հոր հիշելով, համընկնում է Մարտունի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղությանը․ «Ասավ՝ էլ չզանգեք, կապի չի լինի, որ լինի, ես կապի դուրս կգամ»,- պատմեց տուժողը։ Որոշ ժամանակ անց արդեն Մարտունու իրենց Բերդաշեն գյուղում սկսել են լուրեր պտտվել, որ տղաները չկան։ 7-րդ վաշտում, ըստ Զարգարյանի, Բերդաշենից 7 հոգի է եղել․ «Ահագին ժամանակ անցավ, գնացի զորամաս, հարցնում էի՝ որտեղ են երեխեքը, ասում էին՝ բան չկա, անտառներում են։ Սպասում էինք օրերով, մի քանի օրից ասում են՝ անցել են Իրան»,- ասաց Համբարձում Զարգարյանը։
Նա դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։
Նա հիշեց նաեւ, որ Արցախի՝ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին տեղեկացրել է, որ հակառակորդը հասել է մինչեւ «9կմ» կոչվող խաչմերուկ, այսինքն՝ Հադրութը եւս հակառակորդի վերահսկողության տակ է։ Համբարձում Զարգարյանին եւս ամենաշատն էր հուզում այն հարցը, թե ինչու են զորքն առանց ուղեկցողի ուղարկել Հադրութ։ Նա գիտեր միայն այն, որ անմիջական վերադասներից անձնակազմի հետ եղել են երկու հոգի՝ Սլավիկ եւ Գեւորգ անուններով։
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ Իշխանյանը իր հետ հանդիպման ժամանակ Ջալալ Հարությունյանի հրամանը ցույց տվե՞լ է, ինչին Զարգարյանը բացասական պատասխան տվեց․«Առաջ ես էլ էի համոզված, որ Ջալալը հրաման կլինի տված, մեկ էլ նախագահի մոտ նստած, նախագահն ասում ա՝ ամսի 10-ին Ջալալին զեկուցել եմ, որ մինչեւ «9կմ» տված ա [հակառակորդին]»։
Պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ հակասություն նկատեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց, եւ Դավիթ Կարապետյանն ընթերցեց տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս նշել է, որ երբ Գոռ Իշխանյանն ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել «9կմ», ծնողները չեն հավատացել, եւ Իշխանյանը հանել, ցույց է տվել հրամանը։ Մինչդեռ հիմա դատարանում տուժողն ասում է, որ Իշխանյանը ոչ միայն հրաման ցույց չի տվել, այլեւ ինքն է ասել, որ զորքին ուղարկել է Այգեստան (Քոշբեկ)։
Նախաքննական ցուցմունքի այդ հատվածը լսելուց հետո տուժող Զարգարյանը զարմացական հարց տվեց՝ «էդ ե՞ս եմ ասել», եւ լսելով հաստատում՝ ասաց, որ քննիչն իր հետ խոսում, ինքն էլ գրում էր։ Տուժողին ցույց տվեցին նախաքննական ցուցմունքի տակ դրված ստորագրությունը, նա հաստատեց, որ ինքն է ստորագրել, սակայն պնդեց դատարանում հայտնած իր տեղեկությունների իսկությունը։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ ուղղորդում եղե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց։ Եվ դիտարկմանը, որ տարիքով է, գուցե մոռացել է, Զարգարյանն այսպես պատասխանեց․ «Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողությունս, երեխայի վերաբերյալ ոչ մի հիշողություն չեմ կորցրել»։
Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞՝ ինչից են զոհվել զինծառայողները, հրաձգային զենքից վիրավորումներից, թե՞ հրետանային միջոցների, Զարգարյանը պատասխանեց, որ իր որդուն առանց գլուխ է հուղարկավորել, ուստի կասկած կարող է լինել, որ հակառակորդի հետ անմիջական մարտ է եղել։
Արթուր Համբարձումի Զարգարյանի անունը Արցախի ՊՆ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ ապրիլի 3-ին։
«Իմ ութ ամսվա ծառայող տղան ավտոմատով ի՞նչ պիտի աներ գրավված Հադրութում»
Զոհված զինծառայող Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը, դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ պատերազմի ժամանակ հաճախ չի խոսել որդու հետ՝ ելնելով անվտանգությունից։ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի զինծառայող Արթուրը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ 8 ամսվա ծառայող է եղել։ Մոր խոսքով՝ որդին կարճ է կապել զրույցները, ասել ՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղ եմ, շատ հարցեր մի տուր։ Արթուրի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին․ «Հետո իմացա, որ ամսի 11-ին վաշտն ուղարկել են Հադրութ։ Ո՞նց կարող էին երեխեքին ուղարկել, երբ Հադրութը գրավված էր, ինձ այդ հարցն է տանջում, ուզում եմ իմանալ՝ Գոռ Իշխանյանը (գումարտակի հրամանատարը, որն այս գործով մեղադրյալներից մեկն է,- հեղ․) ապահովե՞լ է երեխեքի անվտանգությունը։ Իմ ութ ամսվա ծառայող երեխեն ավտոմատով ի՞նչ պիտի աներ Հադրութում ամսի 11-ին»,- հարցրեց Նունե Առստամյանը։
Նունե Առստամյանը
Տուժողի ամուսինն ու եղբայրներն էլ են զինվորական եղել, սակայն նրանք որեւէ տեղեկություն չեն հայտնել Նունե Առստամյանին, ասում է՝ գուցե իրեն խնայելու համար։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում։ Առստամյանը գնացել է այնտեղ, որպեսզի ինչ-որ տեղեկություններ իմանա որդու մասին, որից արդեն օրերով լուր չուներ․
«Մի օր գնացի Ուլնեցի՝ էրեխուց տեղեկություն իմանայի (աշխատանքային խմբի հասցեն նկատի ունի,- հեղ․), որ ասացի՝ Մարտունի 3-ի 7-րդ վաշտ, մի հոգի փորձում էր քարտեզի վրա Այգեստան գյուղը ցույց տալ, մեկը կողքից մոտեցավ, ասում է՝ ճիշտ լսեցի՞, 7-րդ վա՞շտ, ասացի՝ հա, երեխաս 7-րդ վաշտից է, ասաց՝ քույրիկ ջան, դա հանելուկ ա։ Ասում եմ՝ ո՞նց, 73 հոգին հանելուկ ա՞։ Ոչ մեկը ոչ մի բան չէր ասում»,- պատմեց Նունե Առստամյանը, սակայն չհիշեց՝ ով էր այդ մարդը, որն ասել էր, թե վաշտի ճակատագիրը հանելուկ է։
Նունե Առստամյանը համացանցից, ծնողների հետ զրույցներից է իմացել Հադրութի գրավման մասին, եւ նրան մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչու են հրամանատարները զորքին ուղարկել հակառակորդի կողմից գրավված տարածք։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա է այն կարծիքը, որ զորքին ուղարկել են Հադրութ, այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ վաշտը պետք է հասնել «9կմ» կոչվող տեղանք։ Նունե Առստամյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե «9կմ» պետք է գնային, ոչ թե Հադրութ, Գոռ Իշխանյանը պարտավոր էր ապահովել զորքի անվտանգությունը․ «Եթե Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար,-հեղ․) պատրաստ չէր երեխեքին դիմավորել, ինչի՞ ուղարկեց զորքին»։
Արթուր Կարենի Առստամյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։
Այսօր հարցաքննված վերջին տուժողը Արաքսի Գասպարյանն էր՝ զոհված զինծառայող Հովհաննես Գասպարյանի մայրը։ Նրա որդին պատերազմի ժամանակ 1 ամսվա զինծառայող է եղել, այդ ընթացքում Հովհաննեսի հետ շատ քիչ են խոսել, հրամանատարներին էլ չեն հասցրել ծանոթանալ։ Հովհաննեսի հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, դրանից հետո կապը կորել է։ Գասպարյանը որեւէ մանրամասնության չէր տիրապետում, նրան ամենից շատ մտատանջում էր այն հարցը, թե ինչու են իր մեկ ամսվա ծառայող որդուն պատերազմ տարել։ Կողմերը Գասպարյանին գրեթե հարցեր չտվեցին։
Արաքսի Գասպարյանը
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին։
Ինչում են մեղադրվում սպաները
Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։
Ըստ մեղադրական եզրակացության՝ նշյալ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։
Գլխավոր լուսանկարում Համբարձում Զարգարյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)