ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա Ֆոսկարի և Հռոմի Լա Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ:

Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն