44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու վերաբերյալ դատաքննության ժամանակ զոհերից մեկի հայրը՝ Կոմիտաս Զարգարյանը, հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է՝ փորձելով հանգեցնել այն կարծիքին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն է մեղավոր զինծառայողների զոհվելու մեջ։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ այս հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է եւ ի՞նչ իրավական գնահատականի է արժանացել։ Մեր հարցման հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում ստուգողական գործողություններ են կատարվել։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեդրակ Սեյրանի Գասպարյանի կողմից քրեադատավարական օրենքի պահանջների խախտում թույլ տալու փաստ չի արձանագրվել:
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում․ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննության առարկա է 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքը։ Գործով մեղադրվում են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։
Դատարանն այժմ զոհերի հարազատների՝ տուժողների հարցաքննության փուլում է։
Գլխավոր լուսանկարում՝ տուժողները, ամբիոնի մոտ՝ Կոմիտաս Զարգարյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)