«Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի». դեսպանը՝ հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի քայլերի մասին
 |civilnet.am|
17:23 - 06 փետրվարի, 2025

«Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի». դեսպանը՝ հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի քայլերի մասին |civilnet.am|

civilnet.am:  «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ մոտեցում ունեն։ Միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին». փետրվարի 6-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Լրագրողի հարցին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, դեսպանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։ Այնուհետև նշեց, որ իրենք կողմնակից են հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով։

«Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Ես չեմ ցանկանում հիմա խոսել, թե ինչ կարող է ապագայում տեղի ունենալ, և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Ճանապարհի ստեղծումն ուժի կիրառման միջոցով որևէ բացատրություն չունի։ Եթե մենք ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուրեմն նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտություն չլինի»,-ասաց դեսպանը։

Իրանի դեսպանը նաև հորդորեց չթերագնահատել Հայաստանի կարողությունները։

«Եթե հիմա հարձակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանն ունի համապատասխան պաշտպանական հնարավորություն, որ պաշտպանի իր սահմանները։ Ձեր երկրի պաշտպանական կարողությունները մի թերագնահատեք»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել