44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ռազմական դրության ժամանակ սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մեջ (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, փետրվարի 5-ի դատավճռով նրան դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ միաժամանակ որոշելով պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։
«Ինֆոքոմը»–ի այս տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկեն վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։
Մինչ դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը Բադալյանի նկատմամբ կգործի ընտրված խափանման միջոց գրավն ու երկրից բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ 2023 թ․-ի ապրիլ ամսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ սպան 2020 թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա է դրսեւորել։ Մասնավորապես, ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Գնդապետն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
Նշենք նաեւ, որ Բադալյանը որպես վկա հարցաքննվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով։ Նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ։
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Միլենա Խաչիկյան
comment.count (0)