Չորս տարի է անցել արցախյան 44-օրյա պատերազմից, եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մինչ օրս շարունակվում է այդ ընթացքում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին առնչվող դեպքերի քննությունը։ Դատարանը, Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վկաների հարցաքննության փուլում է։
Խուռհատ սարի գործով ամբաստանյալի աթոռին է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Դատարանում այսօր ցուցմունք էր տալիս ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նախկին տեղակալ Մանուկ Բադալյանը։ Նա այն սպան է, որը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեղադրվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու մեջ։
Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա ասաց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։
Բադալյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ մոտավորապես գիտի, թե ինչ քրեական գործով է ներգրավված որպես վկա։ Նա նշեց, որ նախաքննության փուլում հարցաքննության չի կանչվել։ Բադալյանը պատմեց, որ մարտական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 9-ին խոցվել է իրենց դիվիզիայի հրամանատարական կետը, եւ կազմին տեղափոխել են այլ վայր՝ Մելիքաշեն, որը Հադրութի շրջանի գյուղերից է․ «Ամսի 9-ին, 10-ին եղել եմ Մելիքաշենում, այդ օրը վիրավորվել եմ, եւ քանի որ ոչ միայն Ջրականի զորամասն է եղել ենթակայության [տակ], եղել են մի քանի զորամասեր, նաեւ զբաղվել ենք մնացած զորամասերի խնդիրներով։ Ես շատ տեղեկություն չունեմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ժամանակ է անցել՝ 4 տարի, ու նորից շեշտեց, որ քիչ տեղեկություն ունի։
Վկան տեղյակ չի եղել՝ ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել 5-րդ ուսումնական գումարտակին
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Բադալյանից հետաքրքրվեց՝ նա տեղյակ եղե՞լ է հոկտեմբերի 10-ին ինչ մարտական խնդիր է առաջադրվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմին։ Վկան ասաց, որ տեղեկացված չի եղել, քանի որ ամսի 10-ին, ժամը 11-ին արդեն փոխված հրամանատարական կետը նույնպես ենթարկվել է հրետակոծության՝ «Սմերչ» կայանից։ Բադալյանի խոսքով՝ ինքն այդ օրը երկրորդ անգամ է վիրավորվել։ Մեղադրողը նկատեց, որ մարտական խնդիրն առաջադրվել է հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ Բադալյանի նկարագրած իրադրությունը չի եղել այդ ժամանակ։
«Ես իմ գործառույթներով չէի կարող իմանալ, դա իմանում են հրամանատար, շտաբի պետ օղակները, ես եղել եմ բարոյահոգեբանական ապահովան գծով տեղակալ, իմ պարտականությունների մեջ չէի կարող իմանալ, հետագայում ինչ-որ տեղեկացել եմ, ես վիրավորումից հետո վերադարձել եմ Արցախ նորից, ինչ-որ տեղեկացել եմ, կոնկրետ ծառայակիցներից, ոչ մանրամասն»։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ «ոչ մանրամասն» ի՞նչ է տեղեկեցել, եւ Բադալյանն ասաց, որ իմացել է, որ տարբեր ստորաբաժանումների տարբեր խնդիրներ են առաջադրված եղել, բայց առանձին չի տեղեկացել 5-րդ գումարտակին առաջադրված խնդրի մասին․ «Չեմ հիշում հատուկ, ժամանակ ա անցել բավականին»։
Այս դատավարության ընթացքում ամենաքննարկված հարցերից մեկն այն է, թե արդյոք նորակոչիկները, որոնցից ոչ բոլորն էին անգամ հասցրել զինվորական երդում տալ, կարո՞ղ էին ներգրավվել մարտական գործողությունների։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ նա գիտի՞՝ կա՞ նման արգելք։ Բադալյանն ասաց, որ նորակոչիկների՝ մարտական գործողություններին ներգրավումը ցանկալի չէ, բայց չմտաբերեց արգելող կոնկրետ իրավական նորմ․ «Բայց երբ հարձակվել են չափից ավելի զորքեր, եւ խնդիրը մեծ ծավալով է, էդ ժամանակ արդեն․․․ Երկրում, որ հայտարարվում ա պատերազմական իրավիճակ, բոլոր քաղաքացիները, ընդհուպ 18 տարին լրացված, կարող են համալրվել։ Ինչ վերաբերում է խնդրի կատարմանը՝ երբ տեսնում ես, որ մնացած զինծառայողներն ունեն աջակցման կարիք, դա արդեն հրամանատարը որոշում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։
Հանրային մեղադրողը խնդրեց հայտնել, թե ի պաշտոնե ինչ գործառույթներ է ունեցել Բադալյանը։ Վերջինս ասաց, որ իր գործառույթը եղել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ապահովումը, սակայն իրենք էլ չեն պատկերացրել, որ այդչափ վիրավորներ ու զոհեր կարող են լինել․ «Բավականին մեծ շեշտադրում էր արվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչքան ենք կորուստներ ունենում․․․ Կարողանալ ժամանակին հասցնել, ղեկավար կազմի մարտակոչերը, արագ հաշվառել այն աչքի ընկած զինծառայողներին, որոնք սխրանքներ են գործել, զոհվածների մասին անմիջապես տեղեկացնել զինկոմիսարիատներին, բազմաթիվ պարտականություններ կան․․․»։
- Երբ զորքի բարոյահոգեբանական վիճակը վատ է, դրա ուղղությամբ գործողություններ կատարելը Ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։
- Մտնում ա, քանի որ ես ունեցել եմ տվյալ, տարբեր զորամասերում հոգեբան, գումարտակի հրամանատարի՝ բարոյահոգեբանական վիճակի գծով տեղալներ․․․ Խնդիրները կոնկրետ զինվորների հետ կատարել են իրենք, եւ ըստ անհրաժետության փորձել ենք ապահովել, եւ էդ զորամասում 1-ին, 4-րդ գումարտակն այնպես ա մարտնչել․․․ Մարտական ոգին շատ բարձր էր, եւ մինչեւ պատերազմի ավարտը կարողացել են խնդիրը մեծ ծավալով կատարել։ Այսինքն, ընդհանուր զորամասի բարոյահոգեբանական վիճակի հարցն այնպիսին չի եղել, որ ես գնայի ըտեղ աշխատեի։
Բադալյանի պնդմամբ՝ անմիջական հրամանատարներն են զինվորներին ավելի լավ ճանաչում, եւ նրանք կարող են ընկալել՝ ինչ խոսել զինվորի հետ, որ նրա մարտական, բարոյահոգեբանական ոգին բարձրանա։ Վկայի պնդմամբ՝ դիվիզիա օղակը չի կարող բոլոր տղաներին ճանաչել։ Բադալյանն ասաց, որ ինքն ավելի շատ աշխատել է մոբի հետ, քանի որ նրանք «դրսից» են եկել․ «Իրանց հետ եմ աշխատել, բարոյահոգեբանական վիճակը բարձրացրել, նկարագրել՝ մեր տղաներն ինչ օգնության կարիք ունեն, ուղարկել զորամասեր»։
Կոնկրետ 5-րդ գումարտակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վատ լինելու մասին Բադալյանը չի հիշում։ Նա բնական է համարում, որ երբ մարդ տեսնի՝ ընկերը զոհվեց, ընկճվում է, բայց, ըստ վկայի, դա ժամանակավոր բնույթ է կրում։
Բադալյանը հիշում է, որ դիվիզիայի շենքը մոտ է եղել այն դպրոցին, որտեղ տեղակայված է եղել 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը։ Նա ասաց, որ զորամասն ունեցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ եւ հոգեբան, նրանք զեկուցել են, որ շատ բարդություններ չկան։
Վկան ասաց, որ չորս տարի անց լավ չի մտաբերում, բայց հիշում է, որ երբ հակառակորդը տիրել է որոշակի դիրքերի, անձնակազմը նահանջով է բերվել այդ դպրոց։ Հանրային մեղադրողը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել, որ ուսումնական գումարտակի մոտ նաեւ բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել, եւ նահանջը նաեւ դրա հետ կապված է եղել։ Բադալյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, որ բարոյահոգեբանական վիճակի համար նահանջ իրականացվի։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հավելեց, որ նաեւ նահանջի արդյունքում կարող էր վատանալ բարոյահոգեբանական վիճակը, ինչին վկան դարձյալ արձագանքեց, որ ինքը նման տեղեկություն չունի։
- Դուք անձնապես խոսակցություն ունեցե՞լ եք [զորքի հետ],- հարցրեց մեղադրողը։
- Հա, ես եղել ա, որ դպրոցում հանդիպեմ, բայց տենց որ ինչ-որ քաոս տիրեր, տենց բան ես չեմ հիշում։
- Ըստ Ձեր գնահատման՝ այդ անձնակազմն ի վիճակի՞ էր շարունակել մարտական գործողությունները։
- Իհարկե, քանի որ տղաները գիտեին, որ իրենց առջեւում իրենց ծառայակից ընկերներն են մարտի մեջ, ես բազմաթիվ զինվորներ եմ հիշում, որ մոտեցել ասում էին՝ բա մենք չենք գնալո՞ւ, ուրախացել էին, նաեւ լեյտենանտի կոչում են տվել, դասակ են ղեկավարել էդ տղաները։ Ընկճված տղաներ կարան լինեն, բայց մեկ կամ մի քանիսի համար ընդհանուր գնահատական տալը սխալ է։
Վկան չի հիշում, որ մեկ վաշտ լքել է մարտական դիրքը
Հանրային մեղադրողը հարցրեց՝ եթե կապի միջոց ունեցող հրամանատարը վիրավորվում է կամ ինչ-ինչ պատճառով պետք է դուրս գա մարտից, պարտավո՞ր է կապի միջոցները փոխանցել ենթականերին կամ զեկուցել վերադաս հրամանատարին, թե ով է շարունակելու պարտականությունների կատարումը։ «Իհարկե»,- պատասխանեց Բադալյանը, «օրինակ ես երկու անգամ եմ վիրավորվել, երբ վիրավորվում ես, էդ պահին մինիմալ գիտակցություն կա, բացարձակ անգիտակից չես, որեւէ հաշվառած թուղթ, կապի միջոց փոխանցում ես քեզ մոտ գտնվող տեղակալին կամ թեկուզ էդ պահին մեկ զինվոր լինի, զինվորին էլ տաս, ասես տուր․․․»։
Իսկ արդյոք հրամանատարը պարտավո՞ր է նահանջող զորքին հստակ ու կոնկրետ նշել այն ուղղությունը, որով պետք է նահանջ կատարվի, եւ վերջնական բնագիծը, որը պետք է զբաղեցվի նահանջի արդյունքում։ Վկան ասաց, որ երբ նախնական նախանշված տեղում ես խնդիր կատարում, գիտես տարածքը, բայց եթե անծանոթ տեղանքում ես, այլ խնդիր է։ Հանրային մեղադրողը դարձյալ հարցրեց՝ ամեն դեպքում նահանջող զորքին հստակ ուղղություն պե՞տք է նշվի, թե՞ ոչ, Բադալյանն ասաց, որ պետք է նշվի, բայց ունենաս տվյալ, որ նշած տեղում խնդիր չի առաջանա։ Իսկ եթե տվյալ չունես, իրավիճակից է կախված․ «Դրանք վայրկյաններ են, մարտի դինամիկան է որոշում»։
Անդրադառնալով Բադալյանի վիրավորման թեմային՝ հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչ մարմնական վնասվածք է ստացել նա։ Վկան սկզբում չուզեց պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ այդ առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ կա, եւ ինքը դեռ ցուցմունք չի տվել, այնուհետեւ նշեց, որ թեթեւ վնասվածք է եղել։ Պատասխանելով Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա ասաց, որ առաջին վիրավորման ժամանակ նա գիտակցություն ունեցել է եւ շարունակել է մասնակցել մարտական գործողություններին, եւ իր կյանքը փրկել է մի զինվորը, որն իրեն մի քանի կմ շալակած տարել է։ Իսկ երկրորդի ժամանակ անգիտակից է եղել։
Բադալյանն ասաց, որ բացասական է վերաբերում այն իրավիճակին, երբ սպան թեթեւ մարմնական վնասվածքը պատրվակ է դարձնում մարտի դաշտը լքելու համար։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը վկային հարցեր տվեց պատերազմի առաջին օրերի վերաբերյալ։ Վկան ասաց, որ սեպտեմբերի 27-ին եղել է հրամանատարական կետում, նաեւ իմացել է, որ 5-րդ գումարտակում եղել են նորակոչիկներ։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Բադալյանը որեւէ զեկուցագիր ներկայացրե՞լ է վերադաս հրամանատարությանը, որ հնարավոր չէ նորակոչիկներին մեկ գումարտակով ուղարկել մարտական գործողության։ Բադալյանն ասաց, որ բոլորն այդ ժամանակ ունեցել են աշխատանքային պլաններ եւ առաջնորդվել են դրանցով, ուստի ինքը նման զեկուցագիր չի գրել ու կարծիք չի հայտնել․
«Զեկուցագիր գրելու համար ես պետք է ունենամ հիմք, իսկ դա պետք է գար զորամասից, եթե գա, որ կա նման խնդիր, դա պետք է իմ համար հիմք հանդիսանար, որ ես զեկուցեի վերադաս հրամանատարությանը»։ Բադալյանը չմտաբերեց, որ իրեն հայտնած լինեն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի խնդրի մասին։
- Դուք, որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական վիճակի գծով, պարտավոր չէի՞ք ճշտելու։
- Մենք դա ամեն օր ենք ճշտում առավոտյան զեկույցների ժամանակ (խոսքը խաղաղ պայմանների մասին է,-հեղ․), եւ նման զեկույց չի եղել։
- Բա որ ճշտել եք, չեք ասե՞լ, որ չի կարելի անփորձ գումարտակը միանգամից ուղարկել մարտի։
- Դուք խաղաղ պայմանների մասին հարցրիք, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ․․․
- Խաղաղ պայմաններում զեկուցել են, պատերազմական պայմաններում․․․ Ասում եք՝ ամեն օր զեկուցում են, ամեն օր զեկուցում են՝ պատերազմական պայմաններում Դուք Ձեր կարծիքը չեք հայտնե՞լ։
- Բոլոր տեղերում էլ խոսել ենք, էդ խոսելն այլ բան ա, երբ ասում եք՝ զեկուցագիր գրե՞լ եք, ես ասում եմ՝ չեմ գրել, որովհետեւ տենց զեկուցագիր ներքեւից վերեւ ա գալիս, գրելու կարիք չի եղել։
- Բանավոր ճշտելու, հրամանատարին զեկուցելու, բանավոր հայտնելու․․․ Գումարտակի հրամանատարին կանչե՞լ եք, ասել՝ էս վիճակն ա, հրաման տվե՞լ եք, ասե՞լ եք, որ էս վիճակն ա։
- Ես իմ աշխատանքը կազմակերպել եմ բարոյահոգեբանական գծով տեղակալների հետ, ես գումարտակի հրամանատարի հետ չեմ խոսել, որովհետեւ կխանգարեի։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ Բադալյանը լսե՞լ է, որ ամբողջ մի վաշտ թողել է իր մարտական դիրքը եւ դիմել փախուստի։ Վկան ասաց, որ դա էլ չի հիշում։ Գրիգորյանը զարմացավ այս պատասխանից․ «Դուք զորամասի դիվիզիայի հրամանատարի տեղակալն եք բարոյահոգեբանական վիճակի գծով, Ձեր ենթակայության տակ գտնվող գումարտակներից մեկի ամբողջ վաշտը թողնում, փախնում է դիրքը, ասում եք՝ չեմ լսել։ Ո՞նց կարող է, Ձեր անմիջական ենթակայության տակ է, Ձեր զինվորներն են»։
- Զինվորներն ունեցել են դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարություն, բայց ավելի մեծ անհրաժեշտություն էր, որ մոբին զինենք, ու կարողանանք տանել զինվորներին փոխարինելու, ու քանի որ իմն օպերատիվ օղակն էր, ես ավելի շատ զբաղվել եմ մոբի անձնակազմով- ասաց Բադալյանը։
- Երբեւէ «9 կմ-ում» եղել ե՞ք, 5-րդ գումարտակի նահանջից հետո,- հարցրեց Գրիգորյանը
- Եղել եմ։
- Զորքի վիճակը տեսել ե՞ք։
- Այո։
- Խոսել ե՞ք հետները։
- Այո։
- Այնտեղ է՞լ ոչ մի խոսակացություն չի եղել թռնողերի, սխալի, ծանր վիճակի մասին։
- Չեմ հիշում։
- Իսկ 5-րդ գումարտակի սպաների մեջ եղած տարաձայնության մասին ի՞նչ տեղեկություն ունեք։
- Բոլոր ուսումնական գումարտակներում գերթե նույն ձեւի են եղել խնդիրները, Հադրութի ուսումնական գումարտակում էլ ա եղել․․․
- Ես Հադրութից չեմ խոսում։ Գալիս եմ ամսի 27-ից՝ չեք հիշում, գալիս եմ ամսի 2-ին՝ չեք հիշում․․․
«Չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար»
Հաջորդիվ հարցեր հնչեցին նաեւ, թե ինչ խնդիրներ կարող էին ընկճել զինվորներին։ Խոսվեց նաեւ այն մասին, թե արդյոք զինվորներն ունեցե՞լ են համազգեստների, պաշտպանիչ բաճկոնների խնդիր եւ այլն։ Բադալյանն ասաց, որ չի հիշում, թե «բռոնի ժիլետի» պակաս եղած լինի, իսկ ինչ վերաբերում է համազգեստին, ապա, նրա խոսքով, պատերազմական պայմաններում դրանք ավելի շուտ էին մաշվում․ «Բայց չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար»,- ասաց նա։
Վկայի այս պատասխանները վրդովեցրին զոհվածների հարազատներին։ Նրանցից Արսեն Ղուկասյանը տեղից գոռաց՝ դիմելով Բադալյանին․ «Երեխեքին պատերազմի ժամանակ ասում էր ձեզ կդատեն ֆորմի համար, գիտես չեմ ասելո՞ւ, սաղ տեղերն եմ ասելու, մարդասպան, էդքան երեխեքին էս [վիրավորական բառ] ա ուղարկել, էն մի [վիրավորական բառ] հանձնարարությունն արել ա»։ Ղուկասյանին հեռացրին նիստերի դահլիճից։
Բադալյանը շարունակեց, որ եթե բարոյահոգեբանական վիճակը վատ է եղել, ապա դրա ամենամեծ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հակառակորդն անբացատրելի, աննկարագրելի շատ էր կիրառում հրետանի ու անօդաչուներ։
Գուրգեն Գրիգորյանը հիշեց, որ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունքում ասել էր, որ պատերազմի սկսելուց մի քանի օր հետո արդեն սովորել էին կռվել անօդաչուների դեմ․
- Սո՞ւտ է ասել Սեմյոնովը,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
- Ես չեմ ուզում իրա ասածին գնահատական տամ, ամեն պաշտոնատար անձ փորձել ա արագ սովորեցնել։ Ինչը փորձել են, ստացվել ա, շարունակել են, դա էլ ա մարտական ոգին բարձրացրել։
Գրիգորյանը նորից հետաքրքրվեց՝ ի պաշտոնե՝ Բադալյանն ի վերջո ինչ գործողություններ է արել զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց, որ վերադասությունը ժամը մեկ ուզել է զինվորների սխրանքների մասին տեղեկություններ, զոհերի անուններ, եւ այլն, եւ այդ հաշվառումը պետք է իրականացներ ինքը։
- Դուք գնդապե՞տ եք։
- Այո։
- Բա էդ զորքն ո՞վ պետք ա կառավարեր, որ Դուք մենակ ցուցակներով էիք զբաղվում։
- Զորքը կառավարում են իրա անմիջական հրամանատարները։
Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հադրութում եղած ժամանակ զորամասի կամ դպրոցի վրա հրետակոծություն եղե՞լ է։ Վկան ասաց, որ ամբողջ քաղաքի վրա է եղել։ Վտանգավոր չէ՞ր զինվորներին զորամաս կամ դպրոց տանելը։ Վկան պատասխանեց՝ բոլոր տեղերն էին վտանգավոր։ Բայց հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Մանուկ Բադալյանը նաեւ տեղյակ չի եղել, որ զորքը նախ զորամասում է տեղակայվել, հետո նոր դպրոցում։ Նա ասաց․ «Կարող ա այլ զորամասի խնդրով զբաղված լինեմ, միանգամից չես կարա բոլոր տեղերի խնդիրներն իմանաս»։
Երբ Բադալյանին հարցրին՝ իսկ դպրոցում նա ի վերջո ճշտե՞լ է, թե անձնակազմին ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել, նա պատասխանեց, որ ինքը նման կոնկրետ պարտականություն չի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում՝ չունեմ։ Բարոյահոգեբանական աշխատանք, առանց ճշտելու՝ ինչ աշխատանք պիտի կատարեն, բա էդ պարտականությունն ո՞վ ունի, որ Դուք չունեք։ Դուք եթե նման հարցերը չեք ճշտել, չեք իմանում՝ էդ երեխեքն ինչի միջով են անցել, ուր են եկել հասել, որտեղ են գտնվում, բա ո՞նց եք կազմակերպելու Ձեր եւ Ձեր ենթակաների աշխատանքը»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը ու շարունակեց,- «պետությունն էդքան ծախս ա անում, բարոյահոգեբանական գծով զորամիավորման բազմաթիվ պաշտոններ կան, էդ որ պիտի զորքի հետ կապ չունենաք, բա պետությունը ձեզ ինչո՞ւ ա էդքան ուղարկում սովորելու, տալիս բարձր պաշտոններ, որ գաք, կանգնեք դատարանի առաջ, ասեք՝ ես, բացի երեխեքի հետ խաղաղ ժամանակ քայլելուց հարցնեմ՝ ո՞նց եք, ձեր հաց ու ջուրը տե՞ղն ա, ուրիշ բաների հետ կապ չունե՞մ»։
- Մյուս սպաները զինվորներին թողել, փախել են, խայտառակություն է, այ էդ երեխեքի զոհվելը, կոնկրետ այս դեպքում՝ Խուռհատ սարի, չե՞ք կարծում, որ էդ ամբողջի մեղավորությունը նաեւ դրված է այն հրամանատարական կազմի վրա, որը պիտի բարոյահոգեբանորեն աշխատեր սպաների, զինվորների հետ, որ նրանք չլքեին մարտական դիրքը, զինվորին, զորքին, տեխնիկան։ Չեք գտնո՞ւմ, որ ձեր ղեկավարած կառույցն իր վրա դրված ոչ մի պարտականություն չի կատարել։ Թռել են՝ տեղյակ չեք, թրջված են եղել՝ տեղյակ չեք, սպաները խնդիր ունեն՝ տեղյակ չեք, զորքին հանում են վերեւ՝ տեղյակ չեք։
- Ուսումնական գումարտակները համալրվել են մեր դիրք պահող գումարտակների այն լավագույն սպաներից, որոնք ունեն նորմալ, ավելի լավ փորձ, եւ էդ ընտրությունը, զորամասն առաջարկներն ուղարկում ա, պաշտոնները նշանակվում են ավելի վերադաս ղեկավարներից։ Ընտրելուց հետո մենք ինչ աշխատանքներ ենք կատարել, էդ ամեն ինչը․․․
- Անգամ վախենում եմ հարցնել, եթե ձեր լավագույն սպաները փախել են, զինվորներին լքել են, վատագույններն ինչի՞ են ընդունակ եղել։ Ձեր աշխատանքը պիտի լիներ առաջինը, որ սպան մնար զինվորի հետ․․․։ Դուք ո՞նց եք աշխատել ու ո՞նց պատասխանատվություն չեք կրել,- ասաց Գուրգեն Գրիգորյանը։
«Ես տվյալ չունեմ, որ զինվորներին հրամայել են փոխել հագուստը, թաց շորերը հագնել»
Հաջորդիվ վկային հարցեր տվեց նաեւ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․
- Երբ իմացաք, որ զինվորները թրջված, շորերը՝ շարքից դուրս եկած, իրենք իրենց ուժերով Հադրութում հայթայթեցին հագուստ, փոխվեցին, Ձեր արձագանքը դրան ի՞նչ եղավ, Դուք գովեցի՞ք նրանց։
- Ըտեղ հայթայթելու խնդիր չի եղել, անձամբ բանակի թիկունքի պետը հենց դպրոց բերել ա, էդ նույն րոպեին չէ, բայց բերել, հասցրել են։
- Դուք ոգեւորեցի՞ք, գովեցի՞ք զինվորներին։
- Դա իմ անելիքը չի։
- Դուք ի՞նչ արձագանք տվեցիք, երբ տեսաք, որ էդ երեխեքը թրջված շորերը փոխել են նոր շորերով, իրենց ուժերով։
- Մենք պրոբլեմներն անմիջապես վերադասությանը զեկուցել ենք, խնդրել, որ կան ապահովման հարցեր, բերեն, ապահովեն։
- Իսկ դուք տեղյակ եղա՞ք, որ էդ զինվորներին հրաման տվեցին փոխած շորերը փոխել, նորից թաց շորերը հագնել, նոր շորերը վերադարձնել։
- Ես տենց տվյալ չունեմ։
- Ոչ էլ լսել եք։
- Ոչ։
Այս դեպքի մասին խոսեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Հովակիմյանը, եւ, դիմելով վկային, ասաց, որ նախաքննության ժամանակ զինվորների տված ցուցմունքներ կան, որոնցում ասված է, որ երբ զինվորները կարողացել են հագուստ հայթայթել խանութից, ինքը՝ Բադալյանը, ստիպել է հանել համազգեստները․
- Ի՞նչ կասեք այս մասին, ես հստակ ասում եմ՝ կան ցուցմունք տված զինվորներ, որոնք ողջ են։
- Իմ տեղեկությունով մոբի տղաներից ծխախոտ չեն ունեցել, տեսել են, որ պատուհանը ջարդված ա խանութի, ջարդել են դուռը, բացել՝ ծխախոտ վերցնելու համար, տեսել են մեր զինվորներին, իրանք են մեր զինվորներին առաջարկել, մեր զինվորները հաստատ չէին գնա ընդեղ էլի։ Հետո կողքի խանութում էլ համազգեստ ա եղել, էդ էլ են բացել, հագել, ոստիկանությունը տեղեկացել ա, որ խանութներ են բացում, ասել են՝ խնդրում ենք ուշադրություն դարձրեք, մենք էլ ասել ենք՝ չի կարելի, էլի։
Զոհված զինծառայողի ծնող Գեղամ Ղազարյանը մանրամասներ հարցրեց վկայի վիրավորման հանգամանքներից։ Բադալյանն ասաց, որ երբ այրվածքով վիրավորում է ստացել, դիվիզիայի սպաներն են տարել իրեն․
- Բայց ձեր ֆերշելին (բժշկին,-հեղ․) տեսել եմ, խոսել եմ, ասել ա՝ ինքն իրա ոտով ա եկել։ Հիշում ե՞ս, Ստեփանակերտում ասում էիր՝ Գարիկն (նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին) ու Իշխանյանն են մեղավոր, որ Գարիկին կանչիր, բերին, ասում էիր՝ դու ես մեղավոր, էնի ասում էր՝ էնի, քցում էիք իրար վրա։
- Էդ օրը վեճ ա եղել մեր մեջ, ես ուրիշ մանրամասներ չեմ հիշում,- ասաց վկան։
- Երեխեքին շարել ե՞ս Հադրութի դպրոցում, ասել՝ բարոյալքված եք, պատրաստ չեք պատերազմի, հետո հրաման ես տվել Վարդերեսյանի հետ, ասել, որ ով հետ գա՝ գյուլլեք։
- Չի եղել տենց բան,- հերքեց Բադալյանը։
Վկան այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել
Հնչած հաջորդ հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վկա Մանուկ Բադալյանը այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել, չի իմացել նաեւ, թե ինչու է Գարիկ Վարդերեսյանին փոխարինել Իշխան Վահանյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Վահանյանին հանդիպել է դպրոցում, չի հարցրել այդ մասին։
Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց, որ չի եղել գրեթե մի վկա, իսկ նրանք գրեթե 40-ն են եղել՝ զինծառայողներ, սպաներ, մեղադրյալ Իշխան Վահանյանը, որը չասի, որ զորքն ունեցել է բարոյահոգեբանական վիճակի խնդիր․
«Այդպիսի մարդ չի եղել, որ հակառակն ասի։ Դուք ցուցմունք եք տալիս, ասում՝ ինձ չի զեկուցվել։ Պարզ է՝ Դուք դիվիզիայի օղակն եք, բայց մենք կընդունեինք Ձեր ասածը, եթե Դուք անձամբ ներկա չգտնվեիք դպրոցում, այսինքն՝ Ձեր ստորադասներն իրենց պարտականությունը լավ կատարած չլինեին, բայց դուք անձամբ այնտեղ եք եղել, ո՞նց եղավ, որ դուք չնկատեցիք, որ 5-րդ գումարտակը շատ վատ բարոյահոգեբանական վիճակի մեջ է, բոլորը զանգել են տներ, ծնողներին ասել են՝ մենք վատ վիճակում ենք, դիրք են ուզում տանեն եւ այլն»։
- Դիվիզիայի մասնաշենքը, ճիշտ ա, խփված էր, բայց 30 տոկոսով գործում էր, կապի հանգույցն աշխատում էր, ես ավելի շատ կապի հանգույցից ներքին հեռախոսով խոսալու համար եմ եղել այդ շենքում, ես ասում եմ՝ բոլոր ուսումնականներում էլ բարոյահոգեբանական վիճակի հարց եղել ա, բայց որ առանձին ասեմ․․․
Մանուկ Բադալյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Մանուկ Բադալյանը, լուսանկարը՝ ՊՆ-ի
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)