Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը
12:14 - 10 փետրվարի, 2025

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Այս մասին հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

1. Աշխատավարձի քաղաքականություն

Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

2. Բժշկական ապահովագրություն

Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։

3. Աշխատանքային պայմանների բարելավում

Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։

Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։

ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման։

Շուրջ 2 շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին անում, պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

Գործադուլի պատճառով ԶՊՄԿ-ն օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել