civilnet.am: Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են. հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում դրված տեսանյութում:
Անցյալ ամիս «Ազատությունը» ֆիլմ էր պատրաստել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման ծրագրի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։
Օսկանյանը նշել է, թե այդ հարցը շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։ Ըստ Օսկանյանի՝ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 1999-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես։
Օսկանյանը զգուշացնում է Հայաստանին սպառնացող վտանգների մասին. «Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնվազն անկլավների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխվելու են։ Սահմանադրությունը փոփոխվելու է՝ թուրքական կողմի պահանջով։ Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են, միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին»։
Անդրադառնալով վերջին վտանգին՝ նա նշում է, որ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը այդ մարդկանց կողմից Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են, քանի որ, ըստ նրա, դրանք վկայում են, որ առաջարկը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից։
«Երբ Քոչարյանը Ժնևում բանակցություններին ներկա գտնվող ինձ և Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմության ամենակարևոր փաստը, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից։ Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդյունքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգետնյա էստակադայով կապ էր ունենալու Նախիջևանի հետ։
Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք թեկուզև բանավոր նրա առաջարկությունը, ինչպես Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018-ին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումն էր, և սկսեց իր զրոյական կետից»,- նշել է Օսկանյանը։
Նա ասել է, թե ժամանակն է, որ «Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախված Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել ռեալ են դարձնում»։
«Դիվանագիտությունից ու արտաքին քաղաքականությունից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։
Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել։
Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված»,- ասել է Օսկանյանը։
comment.count (0)