Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 61 կողմ, 29 ձեռնպահ և 7 դեմ ձայներով ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային կազմակերպության մարմիններից և հիմնարկներից, ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության՝ դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին։
Վերոնշյալ հասանելիությունը պետք է ներառի.
1. տեսահսկման համակարգի օգտագործողի հնարավորություն,
2. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն,
3. տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն:
ՆԳՆ-ն հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում՝ հետևյալ նպատակներով՝
1. իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման,
2. հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությամն դեպքում արագ արձագանքման,
3. քննությունից կամ պատժի կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,
4. անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,
5. հասարակական կարգի պահպանման և հասարակության անվտանգության ապահովման:
Տեսանկարահանման համակարգերը կիրառվելու են նաև հետևյալ նպատակներով՝
1. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման,
2. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կամզակերպությունների հետ համագործակցության,
3. օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպուըթյուններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման, և այլն:
Ոստիկանությունը տեսահսկման համակարգերին հասանելիություն կունենա «Տեսալուսանկարահանյող էլեկտոնային համակարգերի կառավարման» ՊՈԱԿ-ի միջոցով 24/7 ժամային ռեժիմով:
Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից:
ՆԳՆ-ն հայտնել էր, որ խնդրի փուլային լուծման տարբերակ է քննարկվում, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
comment.count (0)