Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից էլ մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։
Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը, որը ձեր վերաբերյալ որոշում է կայացրել, չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու կլինի քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։
Հենց այսպիսի իրավիճակում են Հայաստանի այն դատավորները, որոնց Բարձրագույն դատական խորհուրդը ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը հայաստանյան օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը։ Արդյունքում, պետությունը պարտավորվել է 2004 թ․-ին պաշտոնից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանին վճարել 4900 եվրո փոխհատուցում։
Այնուհանդերձ, վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որը, սակայն, առ այսօր չի գործում։
Նյութում կարդացեք՝
2018 թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2019 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Այդպիսով, ըստ էության, հիմք դրվեց դատավորների նկատմամբ, այսպես ասած, վեթթինգի գործընթացին։ Ի թիվս այլնի, դատավորների նկատմամբ սկսեցին հարուցվել կարգապահական վարույթներ, եւ կիրառվեցին կարգապահական տույժի տարբեր տեսակներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն եւ լիազորությունների դադարեցում։
Այս մեխանիզմը, իհարկե, նախկինում էլ կար, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչեւ 2015 թ․-ը դատավորների նկատմամբ կիրառվել է տարեկան միջինում 2 կարգապահական տույժ, իսկ 2016-2018 թթ․-ին ընդհանրապես տույժեր չեն կիրառվել, ապա դրանից հետո՝ 2019 թ․-ից սկսած, տարեկան վարույթների միջին թիվը ավելացել է 6 անգամ՝ դառնալով 12։ Ընդ որում, եթե 2018 թ․-ից առաջ կիրառվում էին կարգապահական պատասխանատվության ամենաթույլ եւ թույլ միջոցները, ապա 2019 թ․-ից կտրուկ աճեց նաեւ ծանր եւ ամենածանր տույժերի թիվը։
Վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ, որ 2010-2018 թթ․ համեմատ 2019-2024 թթ․ էականորեն ավելացել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, իսկ բավարարված միջնորդությունների քանակը ավելացել է 5 անգամ։ Ավելացել են նաեւ մերժման դեպքերը, ինչպիսիք նախկինում չեն գրանցվել։
Հայաստանում դատավորներն ունեն անձեռնմխելիություն։ Սա նշանակում է, որ նրանք չեն կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելու, իրենց կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար։ Բացառություն են միայն այն դեպքերը, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։
Դատավորի կարգապահական խախտումը կարող է դրսեւորվել երկու ձեւով՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի՝ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում (օրինակ՝ սխալ է մեկնաբանել օրենքը կամ գործը քննել է ոչ օրինական կազմով) կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (օրինակ՝ չի դրսեւորել քաղաքական չեզոքություն)։
Կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն Արդարադատության նախարարությունը, Դատավորների՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որոշ դեպքերում՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վարույթի հարուցումից հետո համապատասխան միջնորդություն է ներկայացվում Բարձրագույն դատական խորհրդին․ վերջինս միակ մարմինն է Հայաստանում, որ իրավասու է կայացնել որոշում դատավորի, այսպես ասած, մեղավորության կամ անմեղության մասին։
Նախկին դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Միսակյանը աշխատում էր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում, երբ պաշտոնավարման 5-րդ տարում Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ կամ Խորհուրդ) դադարեցրեց նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
Որոշմանը համաձայն չինելով եւ ներպետական այլ ատյան չունենալով՝ Միսակյանը ստիպված եղավ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում Միսակյանը մանրամասնեց՝ օրեր առաջ ուղարկված գանգատում նշել է՝ Հայաստանը խախտել է իր՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության, խտրականության արգելքի եւ մասնավոր կյանքի իրավունքները։
Նույն՝ Եվրոպական կոնվենցիայով է երաշխավորված, որ յուրաքանչյուր ոք ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչը նշանակում է, որ անձը, ում իրավունքներն առերեւույթ խախտվել են, պետք է կարողանա ներպետական մարմինների առջեւ վիճարկել այդ որոշումը։ Սա ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ։
Հայաստանում, սակայն, տարիներ շարունակ չի ապահովվում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչի արդյունքում Եվրոպական դատարանի կողմից գանգատների բավարարումը բացասական հետեւանքներ է ունենում պետության համար թե՛ հեղինակության, թե՛ ֆինանսական տեսանկյունից։
Օրեր առաջ, օրինակ, հունվարի 23-ին, Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանը խախտել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը եւ պետությանը պարտավորեցրել նրան վճարել 5020 եվրո գումար։ Անտոնյանը դարձյալ 2023 թ․-ին պաշտոնից հեռացված այն դատավորներից է, որ մտահոգություն էր հայտնում Խորհրդի կազմի օրինականության առնչությամբ։ Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմնի ղեկավարը՝ Արդարադատության՝ այդ ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, եւ վարույթը քննող մարմնի ղեկավարը՝ ԲԴԽ-ի՝ այդ ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանը, ունեն ընկերական սերտ հարաբերություններ, իսկ Անդրեասյանի կինը եւ Մինասյանը՝ նաեւ համատեղ բիզնես շահ, ինչը, ըստ դատավորների, կարող էր ազդել կայացվելիք որոշման վրա։
Եվրոպական դատարանը համաձայնել է ՀՀ դատավորների վերոնշյալ մտահոգությանը՝ Անտոնյանի իրավունքի խախտում արձանագրելով հենց այն պատճառաբանությամբ, որ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի միջեւ մտերմությունը կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ։
Ճիշտ նույն մտահոգությունն իր գանգատում ներառել է նաեւ Վահե Միսակյանը։ Նա այն համոզմանն է, որ Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշումը վճռորոշ է լինելու նույն պայմաններում կարգապահական տույժի ենթարկված մյուս դատավորների համար։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման անհրաժեշտությունը ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականն է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի միջազգային ստանդարտները և պատշաճ պրակտիկայի մասին» նշումները, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցները կամ «Դատական իշխանության անկախության մասին» ՄԱԿ-ի սկզբունքները։
Բազմաթիվ զեկույցներում, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, հարցին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ բողոքարկման հնարավորության բացակայությունը մտահոգիչ որակելով։
Դատաիրավական բարեփոխումների՝ դեռեւս 2019-2023 թթ ռազմավարությամբ ամրագրվել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը, ի թիվս այլնի, անդրադառնալու է ԲԴԽ որոշումների բողոքարկման հարցին։
Դրանից հետո՝ 2020 թ․-ի մարտին, Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական մի կարգավորում, ըստ որի՝ այդ որոշումները կարող են բողոքարկվել, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման կայացման վրա (Դատական օրենսգքրի 156․1–րդ հոդված)։ Այսինքն՝ բողոքարկման համար անհրաժեշտ պայման է, որ ի հայտ գա էական որեւէ հանգամանք կամ ապացույց, առանց որի անձը չի կարող իրացնել իր այդ իրավունքը, ինչը, բնականաբար, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտում է։ Ընդ որում, ըստ այս կարգավորման՝ բողոքը քննելու է ոչ թե վերադաս որեւէ ատյան, այլ ԲԴԽ այն նույն կազմը, որը քննել էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Հարկ է նշել, սակայն, որ նույն՝ նոր երեւան եկած հանգամանքի առկայությունը մեկ այլ հոդվածով հիմք է գործի վերանայման համար (Դատական օրենսգքրի 157-րդ հոդված), իսկ որոշման բողոքարկումը եւ գործի վերանայումը իրարից լիովին տարբեր գործընթացներ են։
Չնայած նրան, որ նախագծի հեղինակները հիմնավորումներում նշել էին, որ դատավորը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման կառուցակարգ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում, մի խումբ իրավաբաններ ոլորտի ուսումնասիրության արդյունքում քննադատեցին այս մոդելը՝ այն արդյունավետ չհամարելով:
2022 թ․ մայիսին Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը՝ դիտարկելով չորս հնարավոր տարբերակ։ Ուշագրավ է, որ Նախարարությունը կիրառել էր հենց «նախատեսել» բառը՝ կարծես անուղղակիորեն ընդունելով, որ գործուն մեխանիզմ, միեւնույն է, առկա չէ։
Արդեն 2023 թ․-ի հոկտեմբերին Կառավարությունը առաջարկեց փոփոխել հիշյալ կարգավորումը՝ «նոր երեւան եկած հանգամանք»-ի պայմանը օրենքի տեքստից հանելով։ Բացի այդ, սահմանվեց, որ ԲԴԽ 10-հոգանոց կազմը բաժանվելու է 2 մասի․ 4 անդամը քննելու է բուն միջնորդությունը, 6 անդամը՝ որոշման դեմ բողոքը։ Ընդ որում, այս կազմը կրելու է ռոտացիոն բնույթ, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ ձեւավորվելու է նորովի։
Նախկին դատավոր Վահե Միսակյանը մեր զրույցում ասում է՝ այս փուլում սա կարող է լինել գոնե միջանկյալ լուծում, բայց արդյունավետ միջոց, միեւնույն է, չի լինի․ «Եթե 4 հոգուն առանձնացնում ենք, հետո ասում ենք՝ 6 հոգին էլ թող բողոքը քննի, ամեն դեպքում, նրանք իրար հետ են աշխատում, եւ ես տեսականորեն, նաեւ գործնականում չեմ կարող բացառել, որ ինչ-որ հարցի հետ կապված քննարկում չեն ունենա, ուստի չեմ համարում, որ դա անաչառության կամ անկողմնակալության բարձր չափանիշ ապահովող վերանայող մարմին կլինի»,– ասում է Միսակյանն ու ընդգծում՝ Խորհդրի կազմի 5 անդամը դատավոր է, 5 անդամը՝ գիտնական, եւ կարգապահական վարույթներով անցնող դատավորները առանց այն էլ մշտապես բախվում են խնդրին, թե ինչպես Խորհրդի գիտնական անդամներին, որոնք կարող են պրոֆեսիոնալ իրավաբաններ լինել, ամբողջական պատկերացում տան դատավորի աշխատանքի պրակտիկ առանձնահատկությունների մասին։
Խնդրահարույցը, սակայն, միայն դա չէ․ 2023 թ․-ի օրենսդրական այդ փոփոխությունից գրեթե 1․5 տարի անց այդ կարգավորումը դեռեւս չի գործում։ Ազգային ժողովն անցումային դրույթներով սահմանել է, որ այն ուժի մեջ է մտնելու, երբ ԲԴԽ-ն ընդունի համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը։ Դրա համար վերջնաժամկետ, սակայն, Խորհրդարանը չի նախատեսել, ԲԴԽ-ն էլ այն առ այսօր չի ընդունել։
«Ինֆոքոմ»-ի գրավոր հարցին, թե ինչու առ այսօր այդ ակտը չի ընդունվել, որպեսզի ապահովվի հիշյալ իրավունքի իրացումը, Դատական դեպարտամենտից պատասխանել են, որ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում․ «Իրավական ակտի նախագիծը օտարերկրյա լավագույն փորձի հաշվառմամբ մշակելու նպատակով ներգրավվել են շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում՝ 2024 թ․ սեպտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 7-ին կազմակերպվել են քննարկումներ դատավորների, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշված հանդիպումների ընթացքում քննարկման առարկա է դարձվել «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում այն լրամշակվել է Դատական դեպարտամենտի կողմից, ներկայացվել Եվրոպայի խորհրդին եւ գտնվում է լրամշակման վերջնական փուլում»,- ասված է պատասխանում։
Խորհրդին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաեւ հայտնել՝ 2020 թ․-ին ընդունված կարգավորումը մինչ օրենքի՝ 2023 թ․-ի փոփոխությունը երբեւէ կիրառվե՞լ է, եթե այո, ապա ե՞րբ, եւ ինչպե՞ս է Խորհուրդը որոշել՝ նոր երեւան եկած հանգամանքը կոնկրետ դեպքում պետք է դիտել գործի վերանայմա՞ն թե՞ բողոքի քննության հիմք։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հայտնել է, որ հիշյալ հոդվածը կիրառվել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթներում։ Նշենք, սակայն, որ Սուքոյանի վերաբերյալ որոշումը կայացվել է 157-րդ, այսինքն՝ վերանայման, այլ ոչ թե 156․1-րդ՝ բողոքարկման հոդվածի հիման վրա (թեեւ նախկին դատավորը երկու հոդվածն էլ վկայակոչել էր), իսկ Վարդազարյանի դեպքում Խորհուրդը նշել է, որ առկա չէ 156.1–րդ հոդվածի իմաստով ի հայտ եկած այնպիսի հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա, քանի որ գործով վերջնական դատական ակտի կայացման պահին այն գոյություն չի ունեցել օբյեկտիվ իրականությունում: Փաստացի, 156․1-րդ հոդվածը թեեւ ձեւականորեն կիրառվել է միայն Վարդազարյանի գործով, սակայն բովանդակային առումով չի ապահովել անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս դարձյալ կախման մեջ է դիտարկվել որոշակի պայմաններից։
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչպես է Խորհուրդը որոշել, թե որ դեպքում նոր ի հայտ եկած հանգամանքը որ հոդվածի ներքո դիտարկի, Խորհուրդը նշել է՝ այդ հարցի առնչությամբ պատճառաբանություններն ու դիրքորոշումը ներկայացված են 18.10.2024թ. թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման մեջ։
ԲԴԽ-ի հիշատակած որոշումը Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ է։ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր նաեւ Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ–ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)։ ՍԴ-ն որոշել էր, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ է կիրառել, ինչը գործի վերանայման հիմք է։
Դատավոր Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր վերանայումը՝ որոշման մեջ գրելով, որ օրենքի բացի առկայության պատճառաբանությամբ որոշվել է դիմումի քննության իրականացման նկատմամբ կիրառելի համարել ոչ թե 157-րդ հոդվածը, որը սահմանում է հենց ՍԴ որոշման հիման վրա գործի վերանայման իրավունքը, այլ 156.1-րդ հոդվածը, որը վերաբերում է կայացված որոշումը բողոքարկելուն։
Տվյալ օրենքի բացը ԲԴԽ-ն պարզաբանել է հետեւյալ կերպ․ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը կարգավորում է Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով որոշումների վերանայման ընդհանուր հարցերը, սակայն չի բովանդակում Խորհրդում այդ վերանայման ընթացքը կարգավորող մանրամասն դրույթներ։ Խորհրդի «ՀՀ ԲԴԽ-ի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ եւս չի նախատեսվում՝ Օրենսգրքի նշված հոդվածով սահմանված վերանայման գործընթացի իրականացման կանոններ»,- նշել է խորհուրդը՝ որոշելով անալոգիայի հիման վրա (անալոգիան օրենքով չկարգավորված հարաբերության կարգավորումն է համանման մեկ այլ նորմով,–հեղ․) կիրառել 156․1-րդ հոդվածը։
Փաստաբան Զորայր Հարությունյանը, որ այս գործով դատավորի ներկայացուցիչն է, օրենքի անալոգիայի կիրառումն այս դեպքում անօրինական է համարել՝ նշելով, որ այդպիսով սահմանափակվել են իր վստահորդի իրավունքները, քանի որ նիստը եղել է գրավոր ընթացակարգով, իսկ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրել Արայիկ Մելքումյանի վերաբերյալ կարգապահական վարույթին, որով դեռ 2020 թ․-ին 157-րդ հոդվածն առանց խոչընդոտի կիրառվել է․ «Առկա չէ ԲԴԽ որեւէ օբյեկտիվ եւ պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն եւ դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում խոսքը ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին է, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեռ Դավիթ Հարությունյանի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ-ն կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը»,- նշել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
Մեր զրույցում Զորայր Հարությունյանը սա բացատրում է նրանով, որ ԲԴԽ-ն խուսափել է բանավոր ընթացակարգով դռնբաց քննություն իրականացնելուց, ինչի արդյունքում էլ կրկին խախտվել է դատավորի արդար դատաքննության իրավունքը, եւ չեն վերականգնվել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները․ «Իմ կարծիքով՝ պետք է ոչ թե օրենքի անալոգիա կատարվեր, այլ իրավունքի անալոգիա (օրենքով չկարգավորված հարաբերությունները իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա կարգավորելն է,–հեղ․): Ի վերջո, Հայաստանում դատավարական երեք օրենսգրքերն էլ (քաղաքացիական, քրեական, վարչական) նախատեսում են վերանայման վարույթի ընթացակարգեր, եւ դրանց ընդհանուր տրամաբանությունը այն է, որ վերանայումն իրականացվում է այն ընթացակարգով, որը հիմնականում կիրառվում է այդ դատարանում։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կիրառեր կարգապահական վարույթների քննության ընդհանուր ընթացակարգը, այն է՝ դռնբացությունը, հրապարակայնությունը, բանավոր քննությունը։ Այս կոմպոնենտներից խուսափելու միակ հնարավորությունը Խորհրդի համար բողոքարկման ճանապարհով գնալն էր՝ թեկուզեւ օրենքը սխալ մեկնաբանելով»։
Հարությունյանն ընդգծում է՝ ԲԴԽ որոշմամբ ընդունված աշխատակարգն է այն հիմնական ենթաօրենսդրական ակտը, որով կարգավորված են ընթացակարգային հարցերը, իսկ աշխատակարգի մեջ փոփոխություններ մտցնելը կամ լրացումներ իրականացնելը պարզ գործընթաց է․ «Կարգավորումները կարող են որոշակի առումով լինել թերի, որոշ իրավահարաբերություններ կարող են ընդհանրապես կարգավորված չլինել աշխատակարգով, իսկ դրանում լրացումներ կատարելը հնարավոր է ոչ միայն տարիների կամ ամիսների, այլ ցանկության դեպքում ամսվա ընթացքում։ Եվ դրա չկատարումը եւս խոսում է այն մասին, որ Խորհուրդը մեծապես օգտվում է ստեղծված իրավիճակից՝ կամայականություններ թույլ տալով, այլ ոչ թե փորձում է օրենսդրական բացերը լրացնել»։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Դավիթ Հարությունյանն այժմ պատրաստվում է երկրորդ գանգատը ուղարկել Եվրոպական դատարան՝ ՍԴ որոշման հիման վրա գործը չվերանայելու առնչությամբ (առաջին գանգատը կարգապահական վարույթի ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտման մասին է)․ «Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ Խորհրդի խնդիրը վերջին տարիների կարգապահական վարույթներում այն չէ, որ այսինչ դատավորը կատարել է այսինչ խախտումը, այլ ուզում եք՝ անունը վեթթինգ դրեք, ուզում եք՝ նախկիններին պատժելու գործընթաց, ոնց ուզում եք անվանեք, բայց այս խնդիրների լուծման համար Խորհուրդը կիրառում է կամայականություն, եւ ելնելով կոնկրետ վարույթով կոնկրետ խնդրի լուծման իր տեսլականից՝ կիրառում է այս կամ այն իրավակարգավորումը»,– կարծում է փաստաբան Զորայր Հարությունյանը։
Այսպիսով, տարիներ շարունակ եւ առ այսօր պետությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու համար։ Թեեւ գործադիրն ու օրենսդիրը փոփոխություններ են կատարել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ՀՀ օրենսդրության պայմաններում բողոքարկման հնարավոր մեխանիզմ նախատեսելու համար, այնուհանդերձ, Բարձրագույն դատական խորհուրդը առ այսօր չի սահմանում ընթացակարգեր ոչ 2020 թ․-ին, ոչ 2023 թ․-ին ընդունված մեխանիզները գործարկելու համար, փոխարենը դրանց բացակայությանը հղում կատարելով՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերում դատավորների նկատմամբ։ Արդյունքում, Եվրոպական դատարանում շարունակում է ավելանալ Հայաստանի դեմ գանգատների թիվը՝ առկախված թողնելով հարցը, թե կոնկրետ երբ ի վերջո հնարավոր կլինի այդ որոշումները վիճարկել նախեւառաջ պետության ներսում։
*Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների վերաբերյալ հստակ քանակական տվյալներ 2010 թ․-ից սկսած առկա չեն, ուստի ԲԴԽ-ից տրամադրվել են միայն 09.04.2018-31.12.2024 թթ ընկած ժամանակահատվածի տվյալները: Դրան նախորդած տարիների տվյալները «Ինֆոքոմը» ստացել է Արդարադատության նախարարությունից։ Նշենք, սակայն, որ 2020 թ․-ի «խիստ նկատողություն» տույժի առնչությամբ պետական երկու մարմինների տվյալներում առկա էր քանակական անհամապատասխանություն․ ըստ Արդարադատության նախարարության՝ խիստ նկատողություն է հայտարարվել 2, ըստ ԲԴԽ-ի՝ 3 դատավորի։ ԲԴԽ-ից նշեցին՝ իրենց տվյալներում անճշտություն առկա չէ, իսկ Նախարարությունից դժվարացան հստակ պարզաբանել այս անհամապատասխանությունը՝ առաջարկելով հիմք ընդունել ԲԴԽ-ի տվյալները, քանի որ վերջինս է որոշում կայացնող վերջնական մարմինը։
*ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ ներկայացված գանգատների մասին տեղեկացվում է միայն գանգատի կոմունիկացիայի դեպքում (կոմունիկացվելը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը որոշում է տեղեկացնել համապատասխան երկրի կառավարությանը, որ գործը գրանցվել է դատարանում, եւ որ այդ գործի վերաբերյալ պետք է ներկայացվի տվյալ Կառավարության դիրքորոշումը), ուստի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից ստացված վերոնշյալ տեղեկությունը ամբողջական չէ, ՀՀ-ի դեմ գանգատներ են ներկայացրել նաեւ 2019 թ․-ից կարգապահական պատասխանատվության ենթարկված մի շարք այլ դատավորներ։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
comment.count (0)