ԱՄՆ եւ ՌԴ գագաթաժողովը պետք է անցկացվեր դեռ մինչ Ուկրաինայում ճգնաժամն սկսվելը. Թրամփ
 |news.am|
12:40 - 17 փետրվարի, 2025

ԱՄՆ եւ ՌԴ գագաթաժողովը պետք է անցկացվեր դեռ մինչ Ուկրաինայում ճգնաժամն սկսվելը. Թրամփ |news.am|

news.am: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն այն պետք է կազմակերպվեր ուկրաինական ճգնաժամից առաջ կամ դրա սկսվելուց անմիջապես հետո։ Այս մասին կիրակի Սպիտակ տան մամուլի ծառայությունում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ժամանակը որոշված չէ, բայց դա կարող է տեղի ունենալ շատ շուտով»,- ասել է Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսում հանդիպել Սաուդյան Արաբիայում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

«Սա պետք է արվեր երեք-չորս տարի առաջ՝ այս ամենի սկսվելուց առաջ։ Դա պետք է արվեր դրա սկսվելուց անմիջապես հետո, եւ ոչ հիմա՝ երեք տարի անց»,- եզրափակել է Թրամփը։

Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կարող է կայանալ ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպումը։ Այն ուղղված է լինելու երկու երկրների ղեկավարների միջեւ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը։ Գործակալությունը պարզաբանել է, որ ամերիկյան պատվիրակության կազմում առաջատար դերը կտրվի Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին եւ ազգային անվտանգության օգնական Մայք Ուոլթցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել