Ավտոբուսի վարորդների գործադուլի առնչությամբ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի
վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Նրանք
նշում էին, որ վճարային նոր համակարգին դեմ չեն և սաբոտաժ չեն անում, պարզապես ցանկանում են պայմաններ՝ մեքենաները լվանալու, լվացման կետերի հերթերից ազատվելու, ժամավճարով աշխատանքի դեպքում վճարի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, զուգարաններ:
Քաղաքապետարանը արձագանքել էր՝
հայտարարելով, որ մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ «Հարկ ենք համարում հատուկ շեշտել՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար»,– շեշտել էր քաղաքապետի խոսնակը։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնել էր, որ հանցագործության մասին
հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունեն աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունեն երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը․ «Ես չեմ բացառում, որ նաև այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր»,- նշել էր Գրիգորյանը:
«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ հաղորդման հիման վրա նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ։ Ի պատասխան՝ Դատախազությունն այսօր տեղեկացրել է․ «Վարույթն իրականացնող քննիչը, հանգելով հետևության առ այն, որ հաղորդմամբ չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասիանելու նախնական իրավական գնահատական, վարույթ չի նախաձեռնել, որի օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից»,– ասված է պատասխանում։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)