44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։
Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Զրահատանկային գումարտակը բնագծում տանկեր չի ունեցել
Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը, որը որպես վկա է դատակոչված, այսօր հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է 2019 թ․-ից, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։
Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ տեղափոխվել են պաշտպանական շրջան, դիրքավորվել։ Հոկտեմբերի 3-ին իրենց հրետանային մարտկոցը շտաբի պետի հրամանով առանձնացել է իրենցից, ուղարկվել Արթուր Քոչարյանի ստորաբաժանմանը աջակցելու (ողջ անձնակազմը այդտեղ զոհվել է,- հեղ․)։ Հաջորդ օրը իրենց է միացել Հովիկ Գաբրիելյանը (մինչ այդ գտնվում էր ՌԴ-ում «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով,-հեղ․) եւ ստանձնել հրամանատարությունը։ Եղել են մոտ 110 հոգի, ունեցել՝ 7 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) եւ ավտոմատներ, որոնցով, ըստ վկայի, հնարավոր չէր խնդիր կատարել։ Խրամատները ամբողջովին կահավորված չեն եղել, կահավորել են, ինչպես կարողացել են։
Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց տանկերը իրենց մոտ չէին․ «Կորպուսի հրամանատարի հրամանով․ ասել էր՝ Գաբրիելյանը գա, նոր․․․ Քանի որ տանկային վաշտը զորամասի գլխավոր հարվածային ուժն էր, ինքն էլ Գաբրիելյանին շատ էր ընդունում, վստահում, որովհետեւ էն եզակի հրամանատարներից էր, որ անձամբ էր տանկի մեջ եղել զինվորի հետ, ասում էր՝ թող գա, իր վերահսկողության տակ․․․ Գուցե նպատակ ունենալով՝ լուրջ խնդիրների համար․․․»,- հայտնեց վկան։
Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ մինչ հոկտեմբերի 4-ը հակառակորդի կենդանի ուժ չեն տեսել։ Արդեն հոկտեմբերի 4-ին մարտերը թեժացել են․ «Մոտ 2 կմ այն կողմ թուրքական մի գյուղ կար, նկատեցինք, որ հակառակորդը սկսեց կուտակվել այդտեղ՝ ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ անձնակազմով․․․ Գաբրիելյանը հրաման տվեց, որ ճնշենք․․․ Բոլոր հրամաննները, ինչքան նկատել եմ, զեկուցում էր, թույլտվություն ստանում»,- պատմեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 1-2 ժամ անց՝ մթնշաղին մոտ, իրենց ունեցած միջոցները այլեւս չէին բավարարում, իսկ թշնամին առաջ էր գալիս իրենց ուղղությամբ՝ դեպի աջ․ «3-4 տանկ էր ու հետեւակ․․․ Հրամանատարը կորպուսի հրամանատարի հետ խոսելուց հետո ասաց՝ հակատանկային միջոցները կրակեն, կրակեցինք, բայց արդյունավետ չէր, Արալեռի կողմից միայն մի տանկ խոցեցին»,- պատմեց վկան՝ նշելով, որ մյուս տանկերից այլեւս տեղեկություն չեն ունեցել։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը
- Եղած միջոցներից որքա՞նն եք կրակել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։
- Կեսը կրակել ենք 1-1,5 ժամ, արդեն մութ էր, իմաստ չուներ,- պատասխանեց վկան։
- Որ դադարեցրիք, հակառակորդը եկա՞վ ձեր ուղղությամբ։
- Չէ, այսինքն՝ ոչ թե չի եկել, այլ ինչքան տեսողություն ունեինք, նկատել ենք, որ չի եկել, բայց չէր բացառվում, որ գալու լիներ, մենք չունեինք տեսողական սարքեր։
- Հարգելի՛ վկա, եկե՞լ է թե ոչ։
- Չենք տեսել․․․ Ուղիղ հարձակում չի եղել։
- Իսկ ոչ ուղի՞ղ։
- Երբ հակառակորդը գալիս, անցնում, քեզնից աջ է գնում․․․
- Բայց թիկո՞ւնք է անցնում։
- Ես չեմ կարող ասել։
- Մինչեւ դուրս գալը ի՞նչ խոսակցություն է եղել վերադասության հետ։
- Գաբրիելյանը անընդհատ կապի միջոցներով խոսում էր, ուզում էր իմանալ՝ ինչ կա, ինչ է լինելու, ասաց՝ մնալ էլ հնարավոր չէ, ձախից մարտի ձայներ էին, դա բոլորն էլ լսել են, ինտենսիվ կրակ է եղել, ոնց հասկացել ենք, մենակ ենք մնացել․․․
- Պատասխան, պարզաբանում եղե՞լ է։
- Ես չեմ լսել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել։
- Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր մնալ։
- Շրջափակման վտանգ կար։ Նույնիսկ ջղայնացած, գոռգռալով խոսակցություն էր գնում, ոնց որ ասեին՝ ինչ ուզում եք, արեք, էս պահի դրությամբ օգնություն չկա, տպավորությունը այդպիսին էր։
- Այդ վտանգը ինչի՞ հիման վրա էր։
- Ձախից գործողություններ են գնացել, էս մի կողմից անցել են, ուշ ժամի, երբ արդեն լավ մութ էր, 2-3 կրակոց էլ է եղել մեր ուղղությամբ, դրա մասին էլ է զեկուցվել։ Խոսակցությունից հասկացա՝ մի խոսքով՝ ինչ կուզես, արա, բառացի չեմ կարող ասել։
- Եթե ձախում մարտեր էին, նշանակում է՝ մեր ԶՈՒ ստորաբաժանում կար այնտեղ, չէ՞։ Որպեսզի ձեզ շրջափակեին, պիտի նրանց ճեղքեին, ճի՞շտ է։ Նման բովանդակությամբ խոսակցություն եղե՞լ է։
- Չէ։
- Բա որտեղի՞ց եք ենթադրել, որ շրջանցելու է։
- Քանի որ ձայներ են լսվել ձախ կողմից, աջից էլ եկել, անցել են, դեմս էլ կուտակված են, հարեւանների հետ էլ կապ չկա․․․
Ըստ վկայի՝ զինվորները վատ բարոյահոգեբանական վիճակում էին
Երեկոյան ուշ ժամի, երբ արդեն մութ էր, ըստ վկայի, անձրեւ է սկսվել, մառախուղ է եղել, իսկ իրենք գիշերատեսիլ սարքեր չունեին․ «Զինծառայողները ճնշված էին, ընկճված, հոգնած ու սոված․․․ Նենց պահ էր, որ անընդհատ՝ հեսա կբերենք, համբերեք, սպասեք, ու ուշանում էր, ու ընկճված, սոված վիճակ էր, մի սուտկա առավոտից հաց չէին կերել [զինվորները]։ Թիկունքը 4 կմ հեռավորության վրա՝ չէին կարողանում սնունդ, զինամթերք բերել»։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը
- Վերջին անգամ սնունդ ե՞րբ է մատակարարվել։
- Հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 3-4-ին կարիք եղել է, չեն կարողացել բերել․ անձնակազմը դուրս էր գալիս՝ խոցում էին․․․
- Այսինքն՝ սնունդ բերելը վտանգավո՞ր էր,- հարցրեց մեղադրողը։
- Այո։
- Բայց անհնա՞ր էր։
- Հնարավորության դեպքում բերում էին։ Չէին կարող շատ բերել․ համ պահպանման խնդիր կար, համ տեխնիկայի․․․ Երկու հոգու համար՝ մի բուխանկա, կես երշիկ։
Ղազարյանը տեղյակ չէր, որ իրենցից աջ հայկական ստորաբաժանում է եղել
Իրենցից աջ տեղակայված հայկական ստորաբաժանման մասին Հրաչյա Ղազարյանը տեղեկություններ չուներ, ասաց՝ չի էլ իմացել, որ աջ կողմից զորք է տեղակայված եղել, իսկ ձախը մինչեւ Արալեռ դատարկ է եղել։ Ասաց՝ իրենք միայն ներքին կապ են ունեցել, իսկ հրամանատարը ունեցել է ռադիոկապ նաեւ վերադասության հետ, բայց աջակողմյան զորքի հետ խոսակցություններ չի լսել, միայն՝ կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի հետ։
Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը
Պաշտպան Խաչիկյանը հիշեցրեց ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար, վկա Համլետ Լեւոնյանի ցուցմունքը, ըստ որի՝ իրենք էլ են նույն վիճակում եղել, բայց չեն նահանջել եւ դիմակայել են։ Լեւոնյանը հենց այն ստորաբաժանման ղեկավարն է, որը, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
- Նա նաեւ մեղադրեց ձեր ստորաբաժանմանը, հատկապես Հովիկ Գաբրիելյանին, որ ձեր հետքաշվելու արդյունքում թշնամին թեւանցել է, եւ իր տղաներից զոհվել են։ Եվ ըստ նրա՝ միակ ճանապարհը, որ բաց է եղել, ձեր զորամիավորման տարածքն էր, որով էլ հակառակորդը մտել է։ Ի՞նչ կասեք։
- Որ բարոյահոգեբանական վիճակը նույնը կլիներ, չեմ ժխտում, կարգավիճակն էլ՝ տեղանքի, ապահովումների առումով․․․ Ինչ վերաբերում է մեզնից ձախ փակ լինելուն, ես անձնակազմ չեմ նկատել, եթե ինքը ուրիշ տեղեկություն ունի, չեմ կարող դա հասկանալ, ես չեմ նկատել,- պատասխանեց վկան՝ հայտնելով, որ Հայկ անունով մեկի հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ից 20-հոգանոց անձնակազմ է եկել, առանց կապի միջոցների տեղակայվել, Գաբրիելյանն էլ ասել է՝ որ մի բան լինի, գոնե նրանց ձայն տաք։
- Եթե տանկեր լինեին ձեզ մոտ, կարո՞ղ էիք դիմակայել։
- Միանշանակ, խնդիր կկատարեինք,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերը կարող են խոցել մինչեւ 4 կմ, իսկ իրենց մոտ եղած ՀՄՄ-ները՝ 500 մ։
Վկան մեղադրյալին դրական բնութագրեց
Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ձախ թեւից մի քանի կրակոց է եղել իրենց ուղղությամբ, մարտի ձայներ են լսվել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ստիպված են եղել հետ քաշվել․ «Արդեն ահագին ուշ էր, ցուրտ, Գաբրիելյանը կապ տվեց, ասեց՝ սենց ա վիճակը, էլ տարբերակ չկա մնալու, ձախից էլ, աջից էլ ձայներ կան, մեծ է վտանգը․․․ Տպավորությունս այն էր, որ այս պահին չենք կարող քեզ օգնության հասնել, դու որոշի»։
Հետ են քաշվել 3-4 կմ, տեղակայվել, սակայն այնտեղ էլ չեն մնացել։ Վկայի խոսքով՝ չէին կարող դիմակայել, ուստի նահանջել են Հադրութ, գնացել Հադրութի զորամաս։ Հաջորդ օրն իրենց ուղարկել են այլ տեղանք։
- Կորպուսի հրամանատար ժիրայր Պողոսյանը իր ցուցմունքում նշել է, որ Հովիկ Գաբրիելյանը խաղաղ վիճակում շատ լավ սպա էր, բայց պատերազմի ժամանակ, մեղմ ասած, վատ հրամանատար էր։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։
- Ես բացասական ոչ մի բան չեմ տեսել, իր կարողությունները միշտ եղել են բարձր մակարդակի, իսկ պատերազմի ժամանակ ուղղակի զինվորի հետ խրամատում է եղել, մնացած կարծիքները թողնում եմ սա լսողներին։
- Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, նման հրաման կկայացնեի՞ք։
- Միգուցե կայացնեի,- պատասխանեց վկան։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։
Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ղազարյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)