44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին առնչվող քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմի անդամների զոհվելու դեպքին։ Ըստ գործի նյութերի՝ Վերանյանը զինվորներին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։
Սանամյանը այս դեպքի ականատես չէ, 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության բերումով Տավուշի մարզում է եղել։ Սակայն հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջնորդել է նրան դատակոչել եւ որպես վկա հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում ԱԹՍ-ի հետ առնչվելու հաջող փորձ է ունեցել։
2020 թ․ օգոստոսին վարչապետի միջնորդությամբ եւ Հ նախագահի հրամանագրով կապիտան Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ «Կապիտան Սանամյանը, որպես սպա եւ հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն եւ խիզախություն», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում:
Սանամյանը մեկ կրակոցով հակառակորդի ԱԹՍ է խոցել
Դատարանում ցուցմունք տալով՝ Ռուբեն Սանամյանը պատմեց, որ հուլիսյան մարտերի ժամանակ զորամասի հրամանատար, գնդապետ Գարիկ Աղաջանյանից ԱԹՍ-ների վրա կրակելու հրահանգ է ստացել, որն էլ իր ենթականերին է փոխանցել։ Մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին, թե ինչով պիտի կրակեին, Սանամյանը պատասխանեց՝ այդ պահին իրենց մոտ եղած միջոցներով։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը
- Դուք ինքնաձիգով ԱԹՍ խոցե՞լ եք։
- Այո։
- Ի՞նչ բարձրությունից։
- Մոտ 300 մ։
- Մենահա՞տ կրակոցով թե՞․․․
- Այո․․․ Մինչեւ իմ կրակ վարելը զինծառայողները կրակահերթ արել են, բայց չի հաջողվել, դադար եմ տվել, ես եմ խոցել։
Վկայի խոսքով՝ եղել է հարվածային ԱԹՍ․ դա են վկայել տեսքը, չափսերը, բարձր ձայնը։ Հետագայում հակառակորդը կիրառել է նաեւ հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք գտնվել են ավելի բարձր, եւ ինքնաձիգով խոցման ենթակա չեն եղել․ «Եթե գիտես, որ կարող ես խոցել, բնականաբար, պիտի փորձես խոցել, բայց որ թողնես՝ ազատ իր խնդիրը կատարի, ինձ թվում է՝ ճիշտ չէ»,- ասաց վկան։
- Ձեզ թվո՞ւմ է, թե՞ նման հրահանգավորում է եղել,- հարցրեց մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։
- Ես, ամեն դեպքում, խոցել եմ։
- Հարցը հրահանգավորման մասին է։
- Հրահանգը եղել է, որ մենք պիտի հնարավորության դեպքում խոցենք,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրահանգը տրվել է բանավոր։
- Եվ այդ հնարավորությունը գնահատվում է յուրաքանչյուր անգամ ստեղծված իրավիճակի՞ց,- ճշգրտեց պաշտպանը։
- Միանշանակ։
- Ձեր խոցելը նշանակո՞ւմ է, որ մյուսներն էլ պիտի նման կերպ վարվեն։
- Ոչ,- պատասխանեց վկան։
Տուժողների իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ եթե Սանամյանի հրամանատարության ներքո լինեն մի քանի զինվորներ, եւ նա տեսնի ԱԹՍ-ի թռիչքը, հրաման կտա՞, որ նստեն մեքենան եւ շարժվեն առաջ։ Սանամյանը, սակայն, նշեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։
Զոհված զինծառայողների հարազատները
- ԱԹՍ-ի առկայության դեպքում զինվորական շարժ կանե՞ք,- տուժողի իրավահաջորդը վերաձեւակերպեց հարցը։
- Մարտական գործողությունները էնպես են, որ, լինի հրետանի, թե ԱԹՍ, թե այլ բան, ավելի արդյունավետ կլինի՝ այդ պահին կողմնորոշվես, պահի թելադրանքով։ Դրա համար ես չեմ կարող հիմա ասել, պահը պիտի տեսնես,– պատասխանեց Ռուբեն Սանամյանը։
Նրա հարցաքննության մյուս մասն ընթացավ դռնփակ, քանի որ պաշտպանական կողմը պետք է հրապարակեր գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ։
Վկա Բաբաջանյանի խոսքով՝ իմաստ ունի կրակել միայն ցածր թռչող ԱԹՍ–ի վրա
Դատակոչված հաջորդ վկան 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նույն զորամասի վաշտի հրամանատար Ռոբերտ Բաբաջանյանն էր։ Վերջինս իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգով խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, ինչի համար պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
Բաբաջանյանը պատմեց, որ ըստ իրենց ստացած հրահանգի՝ օդային հարձակման դեպքում անձնակազմին պետք էր մտցնել թաքստոց, իսկ հերթապահ դիտորդը պետք է օդային դիտարկում իրականացներ։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ ԱԹՍ-ի վրա կրակելու հրահանգ եղե՞լ է, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ իրենք դրա համար ՀՕՊ միջոց են ունեցել։ Այնուհանդերձ, ինքն իր ինքնաձիգով երկու կրակոցից խոցել է։
Ռոբերտ Բաբաջանյանը
- Արդյունավե՞տ էր,- հարցրեց մեղադրողը։
- Դե, ցածր էր, կրակել եմ, կպել է, ֆռիկը ջարդվել է, ընկել միջտարածություն։
- Ի՞նչ ԱԹՍ է եղել։
- Հարվածային։
- Ըստ փաստական տվյալների՝ հետախուզական է եղել։
- Դե, ես մասնագետ չեմ, եթե մասնագետներն են ասել․․․
- Դուք ինքնե՞րդ եք որոշել կրակել։
- Այո, կրակել եմ, հետո զեկուցել։
- Այսինքն՝ չկրակելու հրաման չկա, բայց արդյունավետ կրակոց պիտի լինի։
- Ես իմ ավտոմեքենայի միջից եմ կրակել, ավտոն փախցրել եմ, կրակել եմ,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ բոլորիս էլ պարզ է, որ նման դեպքերում պետք է մեքենան թողնել, զորքին պատսպարել։
Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը դարձյալ հետաքրքրվեց՝ այդ հրահանգը փաստաթղթավորվե՞լ է թե՞ բանավոր է եղել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ բանավոր։
- Ի՞նչ բարձրության վրա էր,- հարցրեց պաշտպանը։
- Մոտ 300 մ։
- Ավելի բարձրի դեպքում նպատակահարմա՞ր է կրակել։
- Պատահականություններ լինում են․ եթե արտադրել են ԱԹՍ, չեն արտադրել, որ ավտոմատով խփեն․․․
- Եթե մի քանի զինծառայող հավաքվի ու կրակ վարի թռչող ԱԹՍ-ի ուղղությամբ, մի՞թե դա չի նշանակի, որ մենք մեր տեղը նշմարեցինք։
- Կնշմարվի, իմաստ էլ չունի բարձր ԱԹՍ-ի վրա կրակել։
- Բա ո՞ր դեպքում է պետք կրակել, ձեր հրահանգը մանրամասն վերլուծա՞ծ էր։
- Մանրամասն վերլուծած չէր, քանի որ մարտերի ժամանակ մենք շարժ չենք ունեցել, նախօրոք գիտեինք, տեղակայվել էինք։
- Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում մեքենան պիտի՞ կանգնեցվի թե՞ չէ։
- Չէ, դե չի կարելի այդպես ասել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ դա ինչ-որ տեղ նաեւ փորձի հիման վրա ձեւավորված հրահանգ էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Չոբանյանից։
Այնուհանդերձ, ի պատասխան տուժողների իրավահաջորդների հարցին՝ եթե տեսնի, որ երկնքում ԱԹՍ է պտտվում, իսկ կողքին անտառ կա, կհրահանգի՝ թաքնվե՞լ թե՞ նստել մեքենաներն ու երթը շարունակել, վկան պատասխանեց․ «Պիտի ասեմ՝ թաքնվում ենք»։
Դեպքին ականատես վկան մանրամասներ պատմեց
Հանրային մեղադրողի միջնորդության հիման վրա դատակոչված երրորդ վկան էլ Շալիկո Եղիազարյանն էր։ Վերջինս ԻՍՎ զինվորների մեքենայի խոցվելու ականատեսն է, որն էլ հենց այրվող Ուրալի տեսանյութը փոխանցել է իրավապահներին։
Եղիազարյանը Արցախի Քաշաթաղի շրջանից էր, տարածքին ծանոթ, ուստի կամավորների հետ մասնակցել է տարբեր գործողությունների։ Ճշգրտման նպատակներով էլ դեպքի օրը հայտնվել է Իշխանաձորի խաչմերուկում․ «Իշխանաձորում ամեն գործողության ներկա ենք եղել, ԱԹՍ-ն օդի մեջ պտտվում էր, 100-150 հոգի ցրված էր, ոստիկաններն էլ կարգավորվում էին։ էրեխեքին տեսանք, մի մասը խանութներ էր մտած, առեւտուր էին անում, քաղցր-մաղցր էին առնում իրենց համար։ Որ նստեցին Ուրալ, մենք էլ զարմացանք․ սաղս թաքնված էինք, սնարյադներ կային շարված, խառը իրավիճակ էր, Խնձորեսկի վաշտի սնայպերը նույնիսկ փորձեց կրակել, չկպավ»։
Շալիկո Եղիազարյանը
- Զորքը ո՞ր պահին է նստել Ուրալը, ինչի՞ց հետո,- հետաքրքրվեց Հայկ Մարգարյանը։
- Որ նստեց, մենք էլ զարմացանք՝ խի շարժվեց, սաղս ծածկերի տակ էինք, չեմ կարա ասեմ՝ ոնց եղավ, ինչից եղավ։
- Ինչ-որ մեկը զեկուցե՞լ է օդում ԱԹՍ-ի առկայության մասին։
- Այո, ռազմական ոստիկանությունն էր էդտեղ, մեր օրգանի աշխատողները (նկատի ունի Արցախի,-հեղ․), շատերն են զեկուցել։
- Դուք անձամբ լսե՞լ եք ԱԹՍ-ի ձայնը։
- Ես անձամբ լսել չէ, տեսել եմ։
- Ուրալը նստելու պահին ԱԹՍ-ն դեռ պտտվո՞ւմ էր։
- Այո։
- Բա ինչի՞ նստեցին։
- Չեմ կարող ասել, բայց դե, առանց հրամանի բան չի լինում։
Վկան դժվարացավ պատասխանել պաշտպանի այն հարցին՝ սպաներից որեւէ մեկը ընդդիմացա՞վ այդ հրամանին թե ոչ։ Ասաց՝ կատարվածից հետո ինքն է մոտեցել մի սպայի, իր խոսքով՝ «դոշերց հավաքել» զայրացել։ Նա, սակայն, դեմքով չհիշեց այդ սպային, ասաց՝ շատ խառը վիճակ էր, իրարանցում։
- Որ ԱԹՍ-ն իջներ, մոտենար կկրակեի՞ք։
- Անպայման, բոլորը, բայց էդ հեռավորության վրա ինքնաձիգով անհնար էր։
Վկա Եղիազարյանը պատմեց, որ ինքը բոլոր պատերազմներին մասնակցել է, եւ առաջին անգամ ԱԹՍ տեսել է 2016 թ․ Քառօրյայի ժամանակ․ «Չենք հավաքվել իրար վրա, նույնը՝ 2020-ին, ոչ մի վիրավոր, զոհ չենք ունեցել Ջրականում, որովհետեւ սպաներ կային մեզ հետ, մեզ սովորեցրին, որ եթե տեսնում էինք՝ ցածր է, կրակում էինք»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱԹՍ-ի բարձր լինելու դեպքում հատուկ տեխնիկան է աշխատել, ինքնաձիգը էլ չէր կարող խոցել։
Վկայի խոսքով՝ այդ հատվածում՝ ծառերի տակ, 200-300-ին հասնող արկղեր կային, ներսում՝ արկեր։ Բացատրեց՝ պատերազմի ժամանակ Ջրականում մի քանի անգամ խաբել են թշնամուն․ դատարկ արկղեր դրել, եւ ԱԹՍ-ները եկել, դրանք են խոցել։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը խոցելիս ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերել։ Բայց այս դեպքում անձամբ է մոտեցել, բացել, համոզվել, որ արկղերը լիքն են։ Վկայի տպավորությամբ՝ ԱԹՍ-ն այդտեղ թիրախ էր որոնում։
Մեղադրողը վկայի ցուցմունքում էական հակասություններ տեսավ
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսավ՝ միջնորդելով հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։
Դատավոր Սուրեն Խաչատրյանը
Նախաքննության ժամանակ Եղիազարյանը պատմել էր, որ իրենց մոտ կանգնած են եղել վերադաս մի քանի սպա եւ ժամկետային զինծառայողներ․ «Այդ սպաներից մեկը ռադիոկապով զեկուցեց վերադասությանը, որ երկնքում հակառակորդի ԱԹՍ կա, ԱԹՍ չասաց, թռչուն թե թիթեռ, տենց մի բան, որից հետո չլսեցի՝ ինչ հանձնարարություն տրվեց, սակայն այդ սպան հանձնարարեց բոլորին նստել ավտոմեքենաները եւ շարժվել առաջ։ Երբ ԱԹՍ-ն դարձավ ավելի տեսանելի, ես եւ ընկերս՝ Գարունը, անմիջապես շարժվեցինք Ուրալի ուղղությամբ, լսեցինք պայթյունի ձայն, մոտեցանք ու նկատեցինք,, որ արդեն խոցվել է, իսկ անձնակազմը՝ զոհվել։ Ես զայրացած մոտեցա ուղեկցող սպային, ով արդարացավ, որ մեղավոր է, եւ չպետք է ենթարկվեր վերադասության հրամանին․․․ Դա այն նույն սպան էր, որը ողջ էր մնացել, եւ որին հետո տեսա խոցված Ուրալի մոտ, որն էլ ասաց, որ մեղավոր է․․․ Նա խառնված էր, մի կերպ էր խոսում։ Նշեմ, որ նա Վիլիսով էր ուղեկցում Ուրալին․․․ Ես հիշում եմ, որ նշված սպան հաստատ խոսեց, բայց հնարավոր է բջջայինով է խոսել, նաեւ մի զինվորի ծնող էլ է եղել, բայց վերջինիս Ուրալի վարելու ժամանակ եմ տեսել։ Նշված ծնողը մի սպայի էր հայհոյաում, որից հասկացա, որ հրաման տված սպան նա էր, ինքն իր հետ էր խոսում՝ ասելով՝ «դու սպանեցիր իմ էրեխուն», սակայն հասցեատեր սպան արդեն այդտեղ չէր»։
Ցուցմունքի հրապարակումից հետո Շալիկո Եղիազարյանը ասաց․ «5-րդ տարին է անցել, ինչ ասել եմ էդտեղ, ճիշտ եմ ասել, հիմա շատ բաներ չեմ հիշում․․․ Էնքան դարդ ու ցավ ենք ապրել, մինչեւ հիմա գիշերները չենք կարողանում քնել»։
Պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացրեց
Հարցաքննություններից հետո մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց լրացնել դատաքննությունը։ Մասնավորապես, դատակոչել եւ դատարանում հարցաքննել մի շարք վկաների, իսկ տուժողների իրավահաջորդներից 3-ին կրկին հարցաքննել։ Գրիգորյանը իր միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ այդ անձանց ցուցմունքներում էական հակասություններ կան, եւ կան հարցեր, որոնց պատասխանները առանց այդ ամենը պարզելու հնարավոր չէ տալ։
Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը
Միաժամանակ պաշտպանը միջնորդեց հետազոտել Վերանյանի տրամադրած մի տեսագրություն, որից երեւում է այն վայրը, որը, ըստ ամենայնի, ծառայել է զինպահեստ։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը տուժողների իրավահաջորդներին եւ վկաներից մի քանիսին հարցաքննելուն առարկեց, մնացած մասով առարկություն չներկայացրեց։ Տուժող կողմը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ կարծիք հայտնելով, որ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ տեսագրությունը հետազոտելու եւ մի քանի վկաների դատակոչելու մասով, իսկ տուժողների իրավահաջորդներին կրկնակի հարցաքննելու միջնորդությունը հետաձգեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին։
Գրեթե մեկ ամսվա ընդմիջումը զայրացրեց զոհված զինծառայողների ծնողներին, որոնք դժգոհեցին, որ այդպես ուշ նշանակել չի կարելի․ 5 տարի է՝ գնում-գալիս են, բայց քննությունը դեռ չի ավարտվել։
- Այս դատարանում միայն այս գործը չի քննվում․․․ Գործ կա, որ 8-9 տարի է՝ քննվում է, եւ մեղադրյալները կալանքի տակ են,- նշեց դատավորը՝ մանրամասնելով իր ծանրաբեռնվածությունը։
- Հիմա էլ մենք ենք կալանքի տակ,- արձագանքեց զոհված զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)