Ռազմագիտական փորձաքննության կարիք կա՞, թե՞ ոչ․ Հայկազ Գրիգորյանի գործով կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն
18:34 - 03 մարտի, 2025

Ռազմագիտական փորձաքննության կարիք կա՞, թե՞ ոչ․ Հայկազ Գրիգորյանի գործով կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն

Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակեց քննարկել 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանի միջնորդությունն այն մասին, որ գործին առնչվող մի շարք հանգամանքներ պարզելու համար հարկավոր է նշանակել ռազմագիտական փորձաքննություն։

Դատարանում, հիշեցնենք, քննության առարկա են 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 3-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ 

Դեռ նախորդ նիստին էր պաշտպանը հանդես եկել նման միջնորդությամբ, սակայն դատարանը հայտարարել էր, որ այն չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին եւ առաջարկել էր լրացնել միջնորդությունն ու նորից ներկայացնել։ Մասնավորապես, դատարանը նշել էր, որ փորձաքննության նշանակում միջնորդող կողմը պարտավոր է դատարանին գրավոր ներկայացնել փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը:

Պաշտպան Նորիկյանն այսօր դատարանին հայտնեց, որ հետաքրքրվել է ու տեղեկացել, որ որպես այդպիսին չկան ռազմագիտական փորձաքննություն իրականացնող մարմիններ, եւ միայն կոնկրետ վարույթների դեպքերում համապատասխան փորձաքննություն իրականացնելու համար փորձագետներ ներգրավվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից եւ Պաշտպանական համալսարանից։

Ինչ վերաբերում է բուն միջնորդության լրացմանը՝ պաշտպանն ասաց, որ ամբողջությամբ պնդում են նախորդ նիստում ներկայացվածը՝ դրան հավելելով զորամասի նախկին հրամանատար Արտյոմ Պողոսյանի եւ նույն զորամասի առաջին գումարտակի հրամանատար Արսեն Խաչատրյանի՝ դատարանում տված ցուցմունքները։ Վկայակոչելով այդ ցուցմունքներից մի շարք դրվագներ՝ Նորիկյանը պնդեց, որ փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ, որպեսզի պարզվեն նախորդ նիստում իր բարձրացրած հարցերի պատասխանները։ Ընթերցելով Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մի հատված՝ Նորիկյանը նշեց, որ գումարտակի հրամանատարի եւ զորամասի հրամանատարի տված ցուցմունքներով առնվազն հերքվում են մեղադրանքում նկարագրված մի շարք դրվագներ․

«Այո, հանրային մեղադրողը գրագետ ձեւով շարադրել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը, բայց հանրային մեղադրողը ո՞ր տվյալների հիման վրա է հանգել հետեւության, երբ այդպիսի ելակետային տվյալները կարող էին ի հայտ գալ բացառապես մասնագիտական եզրակացության հիման վրա»,- ասաց Նորիկյանը՝ պնդելով, որ բացի վկաների ցուցմունքներից՝ այլ ապացույցներ դրված չեն քրեական վարույթի հիմքում։ Ըստ պաշտպանի՝ իրենց միջնորդության համատեքստում փորձագետների կողմից պետք է հետազոտվեն նաեւ նշված ավագ պետերի ցուցմունքները։

Լսելով պաշտպանին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանը նշել է, որ միջնորդության տեքստային բովանդակության մեջ պետք է նշված լինի այն իրադրությունը, որը նկարագրվում է, որպեսզի փորձագետները կարողանան այդ իրադրության գնահատմամբ որոշում կայացնել։

- Պատվարժան դատարան, ի լրումն մեր ներկայացրած միջնորդության՝ մենք հղում ենք անում բացառապես զորամասի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի ցուցմունքները։ Դրանք ամբողջությամբ դատարանի տիրապետության ներքո են,- ասաց Նորիկյանը։

- Խնդրում եք՝ դատարանի աշխատակազմը ձեր փոխարեն ձեր միջնորդությունը հիմնավորի՞,- հարցրեց դատավորը։

- Ես առավել քան հստակ, պարզ, հասկանալի լեզվով ներկայացնում եմ այդ միջնորդությունը ու առաջին անգամ եմ տեսնում, որ դատարանը կողմի վրա նման ծավալի, նման բովանդակության պահանջ է ներկայացնում,- արձագանքեց պաշտպանը։ 

Դատարանը պնդեց, որ պաշտպանական կողմը պետք է միջնորդության մեջ հստակ նկարագրի այն հանգամանքները, որոնք հանգեցրել են որոշ հարցերի պարզաբանված չլինելու եզրահանգման։ 

Իսկ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր նույն դիրքորոշումը հայտնեց․ ըստ դատախազի՝ ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չկա, ուստի միջնորդությունը պետք է մերժվի։ Ըստ նրա՝ վկաներն իրենց ցուցմունքներում ներկայացրել են բոլոր հանգամանքները, որոնք թույլ են տալիս կամ հերքել Գրիգորյանի մեղավորությունը, կամ ապացուցել։

«Դուք նշում եք երկու անձանց ցուցմունքներ, որոնք, ըստ Ձեր գնահատականի, Հայկազ Գրիգորյանի մեղավորությունը բացառող ցուցմունքներ են տվել։ Ես կարծում եմ՝ դատական վիճաբանությունների փուլում այդ ցուցմունքները, ձեր գնահատմամբ, կարող են օգտագործվել Հայկազ Գրիգորյանի մեղավորությունը հերքելու համար։ Հիմա այս պայմաններում, կիսելով դատարանի կարծիքը, ինձ համար ամեն դեպքում անհասկանալի է՝ այդ ի՞նչ փաստական հանգամանք եք ուզում փորձաքննությամբ հիմնավորել։ Կարծում եմ՝ այս ցուցմունքների գնահատումը լրիվությամբ բավարար է իմ գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանի մեղավորությունը հիմնավորելու, Ձեր գնահատմամբ՝ հիմնավորելու համար»։

Հանրային մեղադրողն էլ իր հերթին հիշեցրեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքը՝ նշելով, որ ոչ միայն նա, այլեւ մյուս վկաներից որեւէ մեկը չի նշում, որ Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած բնագծին մոտ տեղանում ինչ-որ մարտական գործողություն է եղել, որը հարկադրված նահանջի հիմք է դարձել․ «Բոլորը նշում են, որ այն իրավիճակը, ինչ եղել է պատերազմի սկզբի օրը, եղել է նաեւ հոկտեմբերի 3-ին, երբ որոշում է կայացվել այդ «հարկադրված նահանջը» կատարելու, որը ես նահանջ չեմ համարում, համարում եմ փախուստ, բայց որպես իրավաբան՝ հանրային մեղադրանքի որոշմամբ այդպես չեմ գրում»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ առկա տվյալները լրիվ բավարար են Հայկազ Գրիգորյանի մեղավորության կամ անմեղության մասին վերջնական որոշում կայացնելու համար։

Դատարանը որոշեց պաշտպանության կողմին եւս մեկ հնարավորություն տալ Քրեական դատավարության օրենսգրքի սահմանված պահանջներին համապատասխան միջնորդություն ներկայացնելու եւ այդ հանգամանքներն ավելի առարկայական գնահատելու հնարավորության համար։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 17-ին։


Լուսանկարում՝ պաշտպան Նորայր Նորիկյանը՝ ձախից, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը՝ աջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել