Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա, թերև, երաշխիք է, որ երկու երկների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հարաբերությունները զարգանում են և քաղաքական երկխոսության, և տնտեսական գործակցության մակարդակում, բնական տեմպերով աճում է մեր առևտրաշրջանառությունը։ Կան խնդիրներ և խոչընդոտներ, եթե դրանք չլինեին, հարաբերությունները մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին։
Այն, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, այդ բանաձևը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, միշտ կա ցանկություն՝ անել ավելին, այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի։
Մենք Իրանի ԻՀ-ի շահերի նկատմամբ զգայուն ենք, և ԻԻՀ-ն նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն են, ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու վրա։
Ես միշտ հակված եմ Իրանի հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք կան՝ գաղտնիք չէ, այդ թվում՝ բարդ հարաբերությունները Իրանի և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք ունենք լավ հարաբերություններ, և մենք փորձում ենք Իրանի զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում այն պատճառով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից։
Իրանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։ Մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի և այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի ԻՀ-ի դեմ, որո՞նք են լինելու ձեր գործողություններն այդ պարագայում, Նիկոլ Փաշինյանը նախ ասաց՝ պետք է ճշտել՝ ինչ է նկատի առնվում սպառնալիք ասելով, բայց ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Մեր բնականոն և բնական շահերի վրա հիմնված հարաբերությունները հենց են գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը, անվտանգությունը չափազանց կարևոր են մեզ համար։
Պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթի մասին, Փաշինյանն ասաց, որ այդ փաստաթուղթը որպես օրակարգ պիտի փորձել իրագործել․ «Դա հրապարակային փաստաթուղթ է, ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, և այդ համագործակցության համատեքստում տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ հնարավորություններն ավելի կընդգծվեն»։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ համատեքստում կարևոր թեմա է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկաթուղու բացումը․
«Մենք վերջերս կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, որը նախ վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը։ Այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Այն լուծումը, որն առաջարկել ենք, լիարժեք բավարարում է ինչպես այս, այնպես էլ բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին»։
Տարածաշրջանային կոմունիկացիաները երրորդ երկրների ուժերի կողմից վերահսկելու խոսակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց, երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է ՀՀ-ի համար․ «
Մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն։ ՀՀ-ն երբեք, ոչ գրավոր, ոչ բանավոր պարտավորություն չի ստանձնել, որ որևէ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը սահմանափակվի»։
comment.count (0)