Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայանների, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 63 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով:
Այն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 9-ից, քանի որ փաթեթից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն:
Առաջինից երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունն առաջարկել է ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՆԳՆ աշխատակիցները համակարգին հասանելիություն կունենան խիստ նույնականացման միջոցով: Նաև տեսանյութերի վրա կկիրառվեն ջրանիշ և ժամանակային նիշ, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով, դրանք «դատարանի համար ավելի հավաստի դարձնելու համար»:
Նշենք, որ ոստիկանությունը տեսահսկման համակարգերին հասանելիություն կունենա «Տեսալուսանկարահանյող էլեկտոնային համակարգերի կառավարման» ՊՈԱԿ-ի միջոցով:
Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից:
ՆԳՆ-ն հայտնել էր, որ խնդրի փուլային լուծման տարբերակ է քննարկվում, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
comment.count (0)