Սիրողական  աստղագետները Հայաստանից և աշխարհից օգնում են տիեզերական բացահայտումներին․ Science News
11:25 - 07 մարտի, 2025

Սիրողական աստղագետները Հայաստանից և աշխարհից օգնում են տիեզերական բացահայտումներին․ Science News

Լուսանկարում Մհեր Խաչատրյանն է, որն աստղադիտակով դիտարկում է Երևանի երկինքը։ Մհերը մեկն է աստղագետների համաշխարհային ցանցի անդամներից, որոնց դիտարկումներն օգնում են հետևելու էկզոմոլորակներին, գիսաստղերին և աստերոիդներին։ Science News-ը պատմել է Հայաստանի ու աշխարհի տարբեր վայրերի սիրողական կամ, այսպես կոչված, քաղաքացիական աստղագետների մասին, որոնք օգնում են գիտնականներին նոր բացահայտումներ կատարել։ Science News-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև։

Իվան Վենզորը մեկն է աշխարհի այն քիչ մարդկանցից, որոնք հունվարին Մեքսիկայի Մոնտեռեյ քաղաքում ականատես եղան, թե ինչպես Յուպիտերի չափերի հասնող մոլորակը սլացավ երկնքով։ Դա տեղի ունեցավ չափազանց արագ, որպեսզի տեսանելի լիներ անզեն աչքով․ նկատվեց ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ լույսի առկայծում։ Սակայն Վենզորի բակում տեղադրված աստղադիտակը գրանցեց տվյալները, որոնք հնարավորություն տվեցին նրան հետագայում հաստատելու այդ երևույթը հետազոտողների հետ: 

«Ես ընթրում եմ ընտանիքիս հետ և փորձում եմ հայտնաբերել նոր տեսակի մոլորակ իմ տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա,- ասում է սիրողական աստղագետը,- և դա անչափ հեշտ է»:

Վենզորի աստղադիտակը մաս է կազմում աճող համաշխարհային ցանցի, որը նրա նման էնտուզիաստներին հնարավորություն է տալիս նպաստելու աստղագիտական հետազոտություններին: Ցանցը, որ բաղկացած է  ֆրանսիական Unistellar ընկերության կողմից արտադրված ավելի քան 15 000 Wi-Fi-ով հագեցած փոքր աստղադիտակներից, ընդգրկում է վեց մայրցամաք և օգնել է հայտնաբերել հարյուրավոր աստերոիդներ, գիսաստղեր ու էկզոմոլորակներ:

Հայտնագործությունները հիմնվում են օկուլտացիայի վրա։ Սա մի երևույթ է, որի ժամանակ զգալի չափերի որևէ օբյեկտ, ինչպիսիք են աստերոիդները կամ մոլորակները, կարճ ժամանակով փակում է աստղի լույսը: Այս խավարումների տևողությունը մի քանի վայրերից չափելով՝ աստղագետները կարողանում են որոշել օբյեկտի չափսը, ձևը և հետագիծը:

Ջոնս Հոփկինսի Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աստղաֆիզիկոս Ջոն Վանդեգրիֆն ասում է, որ այս ցանցն «իր իմացած «ամենահետաքրքիր քաղաքացիական գիտական նախագիծն է»։

Ցանցի շնորհիվ հետազոտողները հնարավորություն են ունեցել ճշգրտելու աստերոիդների ուղեծրերի մասին կանխատեսումները, նպաստելու էկզոմոլորակների ուսումնասիրություններին և նույնիսկ դիտարկելու տիեզերական խոշոր առաքելություններ: 2022 թ․, օրինակ, երբ ՆԱՍԱ-ն փոխեց աստերոիդներից մեկի ուղին՝ տիեզերանավով հարվածելով դրան, ցանցն օգնեց հետևել բախումից առաջացած բեկորներին:

Այն փաստը, որ այս աստղադիտակներից յուրաքանչյուրը կարող է արժենալ մինչև 4000 դոլար, դրանք անհասանելի է դարձնում շատ մարդկանց համար։ Հետևաբար՝ Unistellar-ը և ոչ կոմերցիոն այլ կազմակերպություններ, այդ թվում՝ «Աստղագետներ առանց սահմանների»-ն ամբողջ աշխարհով մեկ տարբեր համալսարանների և աստղագիտական ակումբների աստղադիտակներ են նվիրել ցանցի ընդլայնման նպատակով ։

Ռիո դե Ժանեյրոյի համալսարաններից մեկի աստղաֆիզիկոս Մարսելո Սոուզան անցած տարի անվճար աստղադիտակ ստացավ իր աստղագիտական ակումբի համար: 

«Երբ մենք ստացանք այն, ամեն ինչ փոխվեց», - ասում է Սոուզան: 

Աստղադիտակը նրանց համար դարձավ ուսուցման, հետազոտությունների և աստղագիտությունը տարածելու հիմնական գործիքը:

Հայաստանից տիեզերական ինժեներ Վաչիկ Խաչատրյանի և նրա եղբոր՝ Մհերի ղեկավարած աստղագիտական ​​ակումբը այդ թվում նվիրատվությունների միջոցով ձեռք բերված աստղադիտակով արդեն ավելի քան 2000 երեխաների համար միջոցառումներ է կազմակերպել։ Վաչիկն այս աստղադիտակը հետը վերցել է անգամ իր հարսանիքի օրը։

Հետազոտություններին նպաստել ցանկացողների համար Unistellar-ը տարածում է տիեզերական այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ամեն ամիս տեսանելի լինել տարբեր վայրերում: Երբ դիտորդն ընտրում է իրեն հետաքրքրող օբյեկտը, նա կարող է սեղմել մի կոճակ, որը հրահանգում է հավելվածին աստղադիտակը թեքել թիրախային ուղղությամբ և տեսագրել անցնող օբյեկտը: Դիտորդները կարող են նաև օգտագործել աստղադիտակը՝ լուսանկարելու իրենց սիրելի միգամածությունները և գալակտիկաները:

Դեկտեմբերին՝ Ամերիկյան երկրաֆիզիկական միության հանդիպման ժամանակ, Unistellar-ի գլխավոր գիտական պատասխանատու Ֆրանկ Մարշիսը և համագործակիցները հայտնեցին, որ ցանցը հաջողությամբ հայտնաբերել է 136 աստերոիդ: Նրանց՝ առաջիկայում  լույս տեսնելիք հոդվածը մանրամասներ է ներկայացնելու միմյանց շուրջ պտտվող աստերոիդների հայտնաբերման մասին: Միևնույն ժամանակ, ՆԱՍԱ-ի հետ համագործակցությամբ ճշգրտվում են մոտավորապես 20 էզկոմոլորակների ուղեծրերը:

Թիմի հաջորդ նպատակն է օգտագործել մեքենայական ուսուցումը՝ նվազեցնելու համար ամպերի կամ արբանյակների պատճառով առաջացող կեղծ դիտարկումները: Իսկ ապրիլին 50 դիտորդներ կստանան սարքավորումների նախատիպեր, որոնք հնարավորություն կտան հետազոտողներին հեռակա կերպով կառավարելու աստղադիտակները՝ վերացնելով մարդկային սխալները կարևոր օբյեկտների անցումների ընթացքում:

Կալիֆորնիայի Մաունթին Վյուի SETI ինստիտուտի մոլարակային աստղագետ Մարչիսը ցանկանում է ընդլայնել ցանցը՝ մեծացնելով մասնակցությունը քիչ ներկայացված տարածաշրջաններից, ինչպիսիք են Աֆրիկան, Կենտրոնական Ասիան և Հարավային Ամերիկան: Սա լավ կլինի թե՛ հետազոտողների, թե՛ սիրողական աստղագետների համար:

«Ինքնուրույն դու կարող ես սահմանափակ բաներ անել աստղագիտության մեջ,- ասում է Վենզորը։- Միասին աշխատելով զգում ես, որ մի ավելի մեծ գործի մաս ես կազմում»։

 

Գլխավոր նկարը՝ Space42-ի

Երջանիկ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել