azatutyun.am: Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում 9 ժամ տևած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ:
Երկու կողմերը նաև պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայանգիրը ստորագրել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցությունները դրական և արդյունավետ են եղել։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը բանակցություններ են վարում ուկրաինացիների հետ և շուտով կներկայացնեն բանակցությունների մասին։
«Բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, այստեղ բոլորին և Ամերիկայի ժողովրդին, որ այն լուրերը, որոնք մենք ողջ օրվա ընթացքում ստացել ենք այդ հանդիպումից, և նախագահին տեղեկացվել է, դրական են: Այս հանդիպումը արդյունավետ է եղել», - ասել է Սպիտակ տան խոսնակը։
comment.count (0)