ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը
12:31 - 14 մարտի, 2025

ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ պանանջելով անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

• պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը,
• հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,
• արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում,
• անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը,
• անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,
• վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,
• ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը, 
• դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը:

Որպես համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։

Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել