news.am: Շվեդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այն։ Այս մասին Շվեդիայի ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի իր էջում։
«Շվեդիան ողջունում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հասել են համաձայնության խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ կոչ է անում հնարավորինս շուտ ստորագրել այն, որպեսզի ավանդ ներդրվի տարածաշրջանում ամուր խաղաղության, կայունության եւ բարգավաճման գործում»,- նշվել է Շվեդիայի ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերը համաձայնեցվել են և դրա շուրջ բանակցությունները ավարտվել են։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)