Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը:

«Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի ԱԶԲ-ի հետ նոր նախագծերի բավականին տպավորիչ փաթեթ, ինչը կարևոր ներդրում է քաղաքի բարեկեցիկ ու կայուն ապագայի համար՝ ենթակառուցվածքների արդիականացման և «կանաչ» նախաձեռնությունների միջոցով:

«Քաղաքաշինական ծավալուն ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: ԱԶԲ աջակցությունն իր հերթին օգնում է մեզ՝ ձևավորել գրագետ և կենսունակ ներդրումային ծրագրեր ու հասցեագրել ֆինանսավորման խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:

Կողմերը նաև անդրադարձել են իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջընթացին՝ երկուստեք հավաստելով, որ չնայած ի սկզբանե պլանավորված ժամանակցույցից որոշակի շեղումներին, կներդրվեն բոլոր ջանքերն այս տարի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկելու համար:

Երևանի առաջնահերթություններից են 250 էլեկտրական նոր ավտոբուսների ձեռքբերումը և դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, Մետրոպոլիտենի արդիականացումը, Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը և այլն: 

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար և իրենք պատրաստ են աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրութոյւնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն