Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը
18:51 - 20 մարտի, 2025

Կառավարությունն առաջարկում է փոփոխել անվճար իրավաբանական ծառայության հարկման կարգը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել անվճար իրավաբանական ծառայությունների հարկումն ընդհանուր համակարգով իրականացնելու կարգավորվան մեջ՝ նախատեսելով որոշակի բացառություն։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ֆինանսների նախարարությունից։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական, այդ թվում՝ անվճար ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ։ 

Օրենսդրական այս փոփոխությունը դժգոհություն է առաջացրել իրավաբանական համայնքում․ հունվարի 17-ին Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագրով դիմել է Կառավարությանը՝ պահանջելով վերադառնալ օրենսդրական նախորդ կարգավորումներին։

Գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ խնդրելով հայտնել՝ երբ են ստացել հիշյալ հանրագիրը, եւ քննարկման արդյունքում ինչ որոշում է կայացվել դրա վերաբերյալ։ Խնդրել էինք նաեւ տրամադրել հանրագրի պատասխանը կամ դրա էլեկտրոնային հղումը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր Ֆինանսների նախարարությանը։

Մարտի 17-ին Ֆինանսների նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունը որոշակի մտահոգություններ է առաջացրել փաստաբանական գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ՝ կապված օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության ԱԱՀ-ով հարկման հետ, Կառավարությունն առաջարկել է սահմանել, որ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման դեպքում Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատուկ կարգավորումը կիրառելի լինի որոշակի բացառություններով․ 

«Մասնավորապես, լրացում է կատարվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1 ՀՀ օրենքի նախագծում (2024 թ․ դեկտեմբերի 4-ին այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, սակայն այդ փուլում այս առաջարկը դեռեւս չի ներառել,-հեղ․) եւ առաջարկվել է սահմանվել, որ Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների կամավոր անհատույց իրավաբանական օգնության՝ նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ»,- ասված է պատասխանում։

Հիշյալ 62-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը։ Ստացվում է՝ այժմ Կառավարությունն առաջարկում է իրավաբանական անվճար ծառայությունը, այսպես ասած, ազատել նաեւ այդ 80 տոկոս հարկման բազայից՝ պայմանով, որ անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանում, տվյալ դեպքում՝ ամսվա կտրվածքով, չգերազանցի ծառայություն մատուցողի ողջ շրջանառության 5 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում հիշյալ 80 տոկոսը կիրառվի միայն գերազանցող մասի նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ պետությունը սահմանափակում է չհարկվող անվճար իրավաբանական օգնության քանակը՝ դրա անվան տակ հնարավոր ստվերային գործունեություն թույլ չտալու համար։

Օրենսդրական այս փոփոխությունը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նստաշրջանում եւ ընդունվելու դեպքում հետադարձ ուժով կիրառվելու է 2025 թ․ հունվարի 1-ից մատուցված ծառայությունների նկատմամբ։

Նշենք, որ օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (որոշակի երկարաձգումներով)։ Մեր զրույցում նախարարությունից ընդծեցին՝ տվյալ դեպքում ձգձգումը պայմանավորված է եղել բարձրացված հարցին օրենսդրական հիշյալ փոփոխությամբ լուծում տալու անհրաժեշտությամբ։

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել