tert.am: Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո Ազգային ժողովի տարածքում, այս միջանցքում տեղի է ունեցել խայտառակ երևույթ՝ հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Սա անթույլատրելի է, սա պետք է ստանա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է այլևս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այս հարձակումները: Բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտե՛ք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, բավական է ձայներդ կտրած նստեք, բավական է, այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի, այսքանը»,- ասաց Մանուկյանը:
Քոչարյանն էլ ի պատասխան նշեց, որ ինքը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը և որ նկատի է ունեցել որ խոսքը օգտագործելուց պետք է լինի մաքուր:
«Թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ «Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- թիրախավորելով լրագրողին, ասել էր ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողը հարցրել է՝ ինչո՞ւ։
Պատգամավորը պատասխանել է․ «Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Հռիփսիմե Ջեբեջյանը հարցրել է․ «Ես ե՞րբ եմ խանգարել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին»։
Լրագրողը հարցրել է՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ Անդրանիկ Քոչարյանն ասել է․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվել է՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձել է․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»։
Հռիփսիմե Ջեբեջյանը, դիմելով նրան, ասել է․ «Հոգևորականին, որ մեջբերում եք, գոնե համատեքստն էլ մեջբերեք․․․․Պարոն Քոչարյան, Ձեր պահվածքը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, չեք կարծո՞ւմ, որ պիտի ներողություն խնդրեք։ Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային, ոչ պաշտոնյային վայել»։
Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասել է, որ ներողություն չի խնդրելու ու լրագրողին հորդորել՝ գնացեք, Ձեր հաղորդումները նայեք։ Հռիփսիմե Ջեբեջյանը ասել է․ «Ձեր աղջիկը, եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան, ի՞նչ կասեիք»։ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանել՝ աշխատասենյակի դուռը շրխկացնելով լրագրողի երեսին․ «Իմ աղջիկը երբեք այն պահվածքը չէր ունենա, ինչ Դուք եք ունեցել»։ Հռիփսիմե Ջեբեջյանն ասել է․ «Ձեր պահվածքն անթույլատրելի է»։
comment.count (0)