azatutyun.am: ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները կիրակի օրը հանդիպել են Էր Ռիադում՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի հնարավորությունը։
Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Այսօր մենք աշխատում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցերի շուրջ։ Մեր պատվիրակության կազմում են էներգետիկներ, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է Ումերովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը մարտի 23-ին երկրորդ անգամ են հանդիպում Էր-Ռիյադում։
«Մեր թիմը բացարձակապես կառուցողական է աշխատում, խոսակցությունը բավականին օգտակար է: Պատվիրակությունների աշխատանքը շարունակվում է», - X-ում գրել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Բայց անկախ նրանից, թե ինչ ենք մենք հիմա քննարկում մեր գործընկերների հետ, Պուտինին պետք է ստիպել հարվածները դադարեցնելու իրական հրաման տալ, ով սկսել է պատերազմը, նա էլ պետք է դադարեցնի»։
Ուշ երեկոյան Ումերովը հայտարարել է հանդիպման ավարտի մասին՝ նշելով, որ զրույցը եղել է կառուցողական և բովանդակալից, քննարկել են առանցքային հարցեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։
Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանել հանդիպումը։ Այսօր Սաուդյան Արաբիայում սպասվում է ԱՄՆ պատվիրակության հանդիպումը նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:
comment.count (0)