1lurer.am: Ոгրախ եմ, որ այսօր իմ սիրելի ընկեր և գործընկեր պարոն Արարատ Միրզոյանի հրավերով Երևանում եմ երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու շրջանակում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Մեր քննարկումների ընթացքում դիտարկելով անցած մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները՝ մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, պայմանավորվածություն ձեռք կբերվի առաջիկայում երկու երկրների միջև բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերի ուղղությամբ:
Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում ենք կատարել: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը: Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և տարածքային ամբողջականությանը աջակցում ենք և դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը և ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությունների դեմ ենք, և սա ԻԻՀ-ի կայուն դիրքորոշումն է: Ես կարծում եմ՝ բոլոր խնդիրները տարածաշրջանի ներսում երկխոսության և դիվանագիտության միջոցով պիտի լուծվեն՝ առանց ուժի կիրառման: ԻԻՀ-ը ողջունում է տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ հարգելով յուրաքանչյուր երկրի օրենքները, տարածքային ամբողջականությունը»,- ասել է Արաղչին:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
comment.count (0)