Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Աղազարյան |1lurer.am|
13:27 - 26 մարտի, 2025

Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Աղազարյան |1lurer.am|

1lurer.am: Պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին իր դեմ հարուցված քրեական գործերից, որի շրջանակում գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, որոշ մանրամասներ ներկայացրեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: 

Հովիկ Աղազարյանը նախ ճշգրտեց, որ քրեական գործերում 1 Աշոտիկ և 1 Աշոտ է եղել, ինչպես նաև 2 Սլավիկ, քանի որ այս հանգամանքը գործը խճճում է, ապա որոշ մանրամասներ պատմեց:

«Սլավիկ Պողոսյանի տղան աշնան կողմերը հանդիպում էր խնդրել, և մենք հանդիպեցինք, և նա ասաց հետևյալը, որ իր պապան հիվանդ է, այդ պահին խափանման միջոցը փոխել էին տնային կալանքի, և եթե հայտնվի անազատութան մեջ, խիստ դժվարություններ կունենա, և խնդրում էր, որ ես օգնեմ իրեն այդ հարցում, և եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ: Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել»,- պատմեց նա:

Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ «Սլավիկ Պողոսյանի» և «Աշոտիկի» հետ հանդիպման ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու խոսակցություն:

«Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ես ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել այդ առաջարկությանը»,- ասաց նա և հիշեցրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և տարօրինակ չէ, որ այս ընթացքում իրեն շատերն են դիմել տարբեր հարցերով:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ նրա նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու, ինչը տեղի կունենա, երբ խորհրդարանի համաձայնությամբ Հովիկ Աղազարյանը զրկվի պատգամավորական մանդատից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել