ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին
 |azatutyun.am|
17:02 - 26 մարտի, 2025

ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին |azatutyun.am|

azatutyun.am: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը քիչ առաջ խորհրդարանում նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Վարչապետը մոտեցավ, նամակը վերցրեց, որևէ բան, սակայն, չասաց, հարցերին չպատասխանեց:

Նամակը ստորագրել է 161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:

«Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ՝ որպես ՔՊ վարչության նախագահ, իր օժանդակությունը, աջակցությունը, որպեսզի քննի գոնե և՛ թիմի ներսում, և՛ թիմից դուրս իր թիմակցի վարքը, որովհետև իմ կարծիքով՝ մեր երկրում նման պատգամավոր ունենալն անթույլատրելի է, նման բառապաշարով:

Հույս ունեմ, որ վարչապետն այսքան լրագրողի հորդորին անպայման տեղի կտա, կանսա, որովհետև երբևէ այսքան լրագրող՝ 161, համախմբվածություն չեն դրսևորել և պահանջ չեն ներկայացրել իրեն որևէ դեպքով», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20 -ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին:

Անդրանիկ Քոչարյանը հետո հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ սրբազան Գալստանյանին:

«Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր», - ասել էր իշխանական պատգամավորը:

Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձեցին նաև պաստառ պահել օթյակից, որպեսզի կառավարության ու օրենսդիր մարմնի անդամներին տեսանելի լինի, սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց:

Ապա ԱԺ նախագահը մոտեցավ՝ ասելով, որ պաստառը վերցնելու հրահանգը ինքը չի տվել: Թե ում կարգադրությունն էր դա, ասաց՝ տեղյակ չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել