Մարտուն Գրիգորյանի հոր ու որդու նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոց
14:41 - 28 մարտի, 2025

Մարտուն Գրիգորյանի հոր ու որդու նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոց

Գյումրիի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ արձակվեցին դատարանից:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը․ վարույթով անցնող 4 անձանց նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով երեկոյան 8-ից առավոտյան 8-ը լքել իր բնակարանը, նաև արգելվել է շփվել սույն վարույթով անցնող անձանց հետ։

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ քննիչը միջնորդել է վարչական հսկողություն սահմանել 4 անձի նկատմամբ, որոնցից 2-ը Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին են։ 

Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այն է՝ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:

«Հուսով եմ՝ նախընտրական փուլում չի հաջողվի այս շինծու, արհեստական գործով ճնշում իրականացնել, որը ներկայիս վարչախումբը փորձում է անել: Եթե նախկինում նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Վանաձորում, Վարդենիսում եւ այլ վարչական շրջաններում ընտրություններից առաջ, հիմա մարտավարությունը փոխվել է, արվում է ընտրությունների նախօրեին՝ ընտրությունների վրա որոշակի ազդեցություն ունենալու համար»,- այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Մարտուն Գրիգորյանի հոր շահերի ներկայացուցիչ փաստաբան Սերգեյ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել