«Արդար ընտրություններ մեզ»,- Գյումրու 31/45 ընտրական տեղամասում ընտրելուց հետո այս խոսքերով քվեարկության սենյակից դուրս եկավ նշյալ տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1726 քաղաքացիներից մեկը։
Այս տեղամասում գրանցված քաղաքացիներից 656-ն արդեն եկել են քվեարկության։ Այստեղ մասնակցությունը, ի համեմատ այլ ընտրատեղամասերի, բավականին բարձր է։ Ժամը 14:15-ի դրությամբ քվեարկության սենյակում նույնիսկ հերթ էր գոյացել։
Հանձնաժողովի նախագահ Մարզպետ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ առավոտից այս տեղամասում որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Հանձնաժողովի գրանցամատյանի արձանագրությունների բաժնում 3 նշում է առկա, երեքն էլ մեծ հաշվով վերաբերում են քվեաթերթիկներին։ Մասնավորապես, երկու դեպքում քաղաքացիները փորձել են դուրս բերել չօգտագործած թերթերը, մեկ այլ դեպքում քաղաքացին թերթերի կեսը գցել է քվեատուփի դարակը եւ իրեն պետք եղածը գտնել չի կարողացել։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս դեպքերը եղել են անտեղյակության արդյունք։
Նույն տեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը նկատեց, որ մի քաղաքացի ընտրեց քվեախցիկից դուրս, քանի որ բոլոր քվեախցիկները զբաղված էին, մեկ այլ քաղաքացու հետ քվեախցիկին մոտեցավ նաեւ նրա ազգականը [ակնադիտական տեսանկյունից՝ անչափահաս]։ Երկու դեպքն էլ տեսանելի էին քվեարկության սենյակում ներկա վստահված անձանց (հանձնաժողովի նախագահը սենյակում չէր), սակայն նրանք որեւէ կերպ չարձագանքեցին։
Նույն տեղամասում ՌԴ անձնագրով երիտասարդ տղամարդը տեւական ժամանակ է՝ սպասում է քվեարկելու. թեեւ նա ունի կացության վկայական եւ գրանցված է այս տեղամասում, սակայն էլեկտրոնային սարքը նրա տվյալները չի հայտնաբերում։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ճշտումներ են կատարում նրա՝ ՀՀ-ում բնակվելու ժամկետի վերաբերյալ։ Պարզվեց, որ նա եւս մեկ անձնագիր ունի, նրան առաջարկվեց բերել այն եւ այդ ժամանակ մասնակցել քվեարկությանը։
comment.count (0)